1

fb you od

Վիրահայոց թեմի եկեղեցիներում տարածվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության ավետիսը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններով, երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: 2018 թվականի մարտի 31-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագ: Այդ օրը վառվեցին տաճարի ջահերն ու կանթեղները, բացվեցին Եկեղեցու խորանի վարագույրները և վառվող մոմեր բաժանվեցին ժողովրդին, որից հետո մատուցվեց Սուրբ Պատարագ:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սրբազան արարողությանը ներկա էին թբիլիսահայ համայնքային գործիչներ, հյուրեր, հավատացյալներ:1

Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Սրբազանը հավուր պատշաճի մեկնաբանեց օրվա խորհուրդը, հանգամանալից խոսեց Հիսուս Քրիստոսի՝մարդու նկատմամբ ունեցած մեծ սիրո, մարդկանց փրկության համար նրա խաչելության մասին, Տերը դարձավ այն աստվածային լույսը, ում նկատմամբ մարդկության տածած սերը չի մարում, զորության նկատմամբ հավատքը չի խամրում, այլ առաջնորդում է մարդկանց դեպի բարին, լուսավորը, ստեղծարարը:

Ս. Զատկի ճրագալույցի արարողությունով եզրափակվեց Տիրոջ չարչարանքների շաբաթը , կատարվեց Նրա հարությունը մեռելներից: Վազգեն Սրբազանը ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը . «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվեց Մեծ Պահքը:

Հավատացյալները սիրով միմյանց շնորհավորեցին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեռելներից կենդանություն առնելու համար:

Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը հավատացյալներին շնորհավորեց Սուրբ Հարության տոնի առիթով, Հայաստան, Վրաստան և Արցախ աշխարհներին բարեմաղթեց խաղաղություն, առաջընթաց ու զարգացում:

Սբ. Պատարագի ավարտին հավատացյալները իջեցված աշտանակի մոմից վառեցին իրենց մոմերը և Փրկչի օրհնությունն ստացած վերադարձան տներ, տանելով Տիրոջ Հարության Սբ․ Լույսը։ Այնուհետև կատարվեց Սուրբ Հարության տոնից հետո առաջին տնօրհնեքի արարողությունը: Օրհնվեցին հացը, ջուրը և աղը:

Սուրբ Գևորգ եկեղեցու բակում,Եկեղեցասեր տիկնանց միության և ջրօրհնեքի խաչի կնքահայր Յուրի Երեմյանի նախաձեռնությամբ, կազմակերպվեց հյուրասիրություն հավատացյալների համար: Ժողովրդի այցը եկեղեցի շարունակվեց մինչև կեսգիշեր:

Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին նվիրված Ճրագալույցի Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)