Սրբոց Վարդանանց տոնը Վիրահայոց թեմում |
Լուրեր |
2018 թվականի փետրվարի 8-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ՝ նվիրված Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրվան: Սրբազան արարողությանը ներկա էին հոգևոր և սարկավագաց դասը, թբիլիսահայ մտավորականությունը, հավատացյալներ: Տոնական Սուրբ Պատարագն իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Կարեն Պարունակյանը, Արտակ Գրաբսկին և ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը: Օրվա Պատարագիչն էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Պատարագիչ քահանան և հոգևոր սպասավորները աղոթք բարձրացրին առաջնորդանիստ տաճարի Սրբոց Վարդանանց անունը կրող խորանում: Հընթացս Սուրբ Պատարագի Թեմակալ Առաջնորդ Վազգեն Սրբազանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ «Վասն համօրէն ննջեցելոց ազգիս հայոց»: Տեր Վիրապը հավուր պատշաճի քարոզ խոսեց հերոս զորավարների և նրանց զինակիցների մասին, ովքեր ազգովի պայքարի էին ելել հանուն հավատքի և հայրենիքի: «Վարդանանք ոգի են, Վարդանանք ուժ են և հիշողություն, բայց այդ ամենից վեր նրանք սրբեր են: Նրանց անուններով ու բարեխոսությամբ այսօր էլ կարողանում ենք կերտել մեր ապագան,-ընդգծեց իր քարոզում հոգևոր հայրը և արժևորեց հայրենասիրության, հոգու արիության և հավատքին նվիրվածության առաքինությունները, որոնք մարմնավորում էին Մեծն Վարդան զորավարն ու նրա զինակիցները: Պատարագիչ Տեր Վիրապը հորդորեց հավատացյալներին հավատարիմ մնալ Սրբոց Ղևոնդյանց և Սրբոց Վարդանանց հիշատակին ու ժառանգությանը, պատրաստ լինել զոհաբերության: Սրբոց Վարդանանց տոնը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվանակոչության օրն է: Այդ առիթով հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք: Միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության համար: Օրհնելով ներկա հավատացյալներին և հոգևոր դասին, Վիրահայոց թեմի առաջնորդը անդրադարձ կատարեց ոգու ուժով ազատության հասնելու, հայրենիքը պաշտպանելու և հավատքին հավատարիմ մնալու մաքառումներով տարած հաղթանակին:Խոսեց վրաց ժողովրդի համար Վարդանանց պատերազմի նշանակության մասին,նշելով Վարդան Մամիկոնյանի և Վախթանգ Գորգասալիի առաջնորդությամբ, երկու հարևան ժողովուրդների՝ հայերի և վրացիների պայքարը հանուն հայրենիքի և ազատության: Թեմակալ առաջնորդը բոլոր Վարդաններին շնորհավորեց իրենց անվանակոչության օրվա կապակցությամբ, մաղթելով նրանց, ազնիվ ու քաջ զավակներն ու հետնորդները լինեն Վարդանանց: Սրբոց Վարդանանց տոնը Սուրբ Պատարագներով նշվեց Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում: |