1

fb you od

Վիրահայ երիտասարդների ճանաչողական և համագործակցության այցը Հայաստան PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

IMG 7596 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վիրահայոց թեմի երիտասարդության բաժնի համագործակցությունը մի քանի տարվա պատմություն ունի: Այդ համագործակցությունը տարեցտարի ընդարձակվում է, դառնում ազգանվեր ու հայրենաշունչ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, ընթացիկ տարի իրականացվեց վիրահայ երիտասարդների Ճանաչողական եւ համագործակցության այցը Հայաստան: Ծրագրի նպատակը Սփյուռքում հայապահպանության օժանդակությունն է, ազգային մշակույթի տարածումը, հայկական արժեքների և ինքնության պահպանումը, Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնումը և երիտասարդական համագործակցության զարգացումը:

2017 թվականի սեպտեմբերի 22-ի առավոտյան, ստանալով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունը և բարեմաղթանքը, վիրահայ 25 հոգուց բաղկացած երիտասարդների խումբը, բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ, ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի և բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանի ուղեկցությամբ, ճանաչողական այցով ուղևորվեց Հայաստան: Խմբում ընդգրկված էին Վիրահայոց թեմի Թբիլիսիի, Ռուսթավի, Մառնեուլիի, Բոլնիսի, Ծալկայի, Նինոծմինդայի, Ախալքալաքի, Բաթումի ակտիվ և եկեղեցասեր այն երիտասարդները, ովքեր բարձր են դասում հոգևորն ու ազգայինը, միասնությունն ու համախմբվածությունը, իրենց գործերով ոգեշնչում և ոգևորում են մյուս հայ երիտասարդներին:

Չնայած ճանապարհի հոգնածությանը, Երիտասարդների խումբը առաջին օրը այցելեց Գյումրիի Մարիամ ու Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ: Յոթվերք եկեղեցում մոմեր վառելուց և Սաղմոսավանքում աղոթք անելուց հետո, երիտասարդները բարձր տրամադրությամբ, ուրախ երգ-երաժշտությամբ ուղևորվեցին քաղաքամայր Երևան:

Մայր հայրենիք այցելության երկրորդ օրը վիրահայ երիտասարդները հյուրընկալվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում:

Հանդիպմանը ներկա էին նախարարության աշխատակիցները, տաբեր տարածաշրջանների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, խոսեց նախարարության կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերի մասին, որոնք ներառում են ճանաչողական այցեր, հանդիպումներ, վարժանքներ: Ճանաչողական այցերի շրջանակներում էլ կյանքի կոչվեց վիրահայ երիտասարդների վերոնշյալ այցը Հայաստան: Հանդիպման ժամանակ ներկայացվեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, ռազմավարությունը, գերակա խնդիրները:

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանն իր գոհունակությունն արտահայտեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցության, տարբեր ծրագրերի իրականացմանը ցուցաբերվող աջակցության, Հայաստանի տարբեր շրջաններ, ինչպես նաեւ Արցախ կատարված այցերի համար, ընդգծեց, որ դրանք իրականացվում են բարձր մակարդակով և ոգեշունչ: Երիտասարդական բաժնի ղեկավարը հույս հայտնեց, որ նման ծրագրերը կլինեն շարունակական:

Հանդիպման ժամանակ երիտասարդները պատմեցին այս ծրագրին մասնակցելու կարևորության, նաև իրենց հետաքրքրությունների և նախասիրությունների մասին:

Հագեցած էր այցելության նաև երկրորդ օրը, քանզի երիտասարդները Գառնի և Գեղարդ այցելելուց հետո, եղան Խոր Վիրապում, պատմության թանգարանում, շրջայց կատարեցին Երևանում, այնուհետև ուղևորվեցին Տաթև, վայելեցին ճոպանուղու պարգևած սարսափախառն ուրախությունը, որից հետո գիշերեցին Գորիսում:

Եռօրյա այցելության ծրագիրը հետաքրքիր էր, հարուստ և բովանդակալից: Վիրահայ երիտասարդները ծաղիկներ խոնարհեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, վայելեցին Մայր Էջմիածնի վանքում աղոթելու և մոմ վառելու հոգևոր բերկրանքը: Վառ տպավորություններով և հայրենաշունչ ոգով վերադարձան իրենց տները:

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինն իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրինությանը՝ թեմի երիտասարդական բաժնին ցուցաբերվող մշտական աջակցության և համագործակցության համար:

IMG 2458 IMG 7461 IMG 7732 IMG 7929 

IMG 8716 IMG 24671 21616053 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)