1

fb you od

Հեռացող Թիֆլիսը Գիորգի Մանոյանի գծանկարներում PDF Տպել Էլ.փոստ

manoyan 

«Հեռացող Թիֆլիս»- այսպես է կոչվում ճանաչված թբիլիսահայ նկարիչ Գիորգի Մանոյանի գծանկարների անհատական ցուցահանդեսը, որը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին բացվեց կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Այցելուներին ներկայացվեցին Հավլաբարի, Սիրաչխանի զառիվերի, Սոլոլակի, Գոգիլոյի թաղամասերի, Խուրշուդյանների, Ձեգվելովների, Թամամշևների տների, Պիտոևի արձանի, Կարմիր Ավետարան, Սուրբ Նորաշեն, Սուրբ Էջմիածին, Սուրբ Գևորգ եկեղեցիների պատկերով շուրջ վեց տասնյակ գծանկար աշխատանքներ, որոնք պահպանվել են որպես հեռացող Թիֆլիսի հուշագրություն: Ողջ կյանքը Հավլաբարում ապրած նկարչի նպատակն է նկարների միջոցով պահել և սերունդներին փոխանցել քաղաքի երբեմնի գեղատեսիլ շինությունները, օրեցօր անհետացող հայկական հետքը և հեռացող հին քաղաքը:

Բացելով ցուցահանդեսը՝ Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը ընդգծեց Գիորգի Մանոյանի արվեստի բազմազանությունը, թեմաների հարստությունը: Անդրադարձ կատարելով նրա գեղանկարչական աշխատանքներին, բանախոսը նաև արժևորեց գծանկարի միջոցով արտահայտված Մանոյան նկարչի գծանկարների պատկերավորությունն ու վարպետությունը:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը: Շնորհավորելով թբիլիսաբնակ նկարչին անհատական ցուցահանդեսի կապակցությամբ, պարոն դեսպանը կարևորեց նաև թբիլիսահայ համայնքի ճանաչված գործիչների դերն ու նշանակությունը հայ-վրացական մշակութային կապերը կամրջելու, հայ մշակույթը Վրաստանում պահպանելու և զարգացնելու գործում:

Ցուցահանդեսի բացմանը ներկաները՝ հայեր, վրացիներ, նկարիչներ, լուսանկարիչներ, արվեստի մշակներ,համայնքային այրեր,կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ եկել էին ըմբոշխնելու Գիորգի Մանոյանի գործերի հմայքը և վայելելու սիրելի քաղաքի հուշերի ջերմությունը:

Բոլոր բանախոսները միանշանակ նշեցին Գիորգի Մանոյանի հերթական ցուցահանդեսից ստացած իրենց հիացմունքը և շնորհակալության խոսքեր ուղղեցին նկարչին՝ իրենց երիտասարդությունն ու պատանեկությունը այս կտավների միջոցով վերհիշելու, քաղաքի կարևոր շենք-շինությունների պատկերը այդպես ճշգրիտ վերարտադրելու համար:

Իր օրհնությունը և գնահատանքը հղելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը արժևորեց նկարիչ Գիորգի Մանոյանի ներդրումը թբիլիսյան նկարչական դպրոցի զարգացման գործում, բարձր գնահատեց նրա նվիրումը հայկական հետքը այս հինավուրց քաղաքում յուղաներկի կամ գծանկարի միջոցով պահպանելու և սերունդներին փոխանցելու գործին: Սրբազան հայրը ընդգծեց նաև Վրաստանում հայ մշակույթի պահպանության և զարգացման գործում հայոց եկեղեցու, հայ թատրոնի, տարբեր կազմակերպությունների, մշակույթի գործիչների ունեցած դերակատարության մասին:

Վերջում նկարիչ Գիորգի Մանոյանը շնորհակալության խոսքեր ուղղեց «Հայարտուն» կենտրոնին իր արվեստը լայն հասարակությանը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու և իր արվեստը բարձր գնահատելու համար:

Գիորգի Մանոյանի «Հեռացող Թիֆլիս....» գծանկար աշխատանքների անհատական ցուցահանդեսը «Հայարտուն» կենտրոնում շարունակվում է:

DSC01136 DSC01137 DSC01209 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)