1

fb you od

Սարգիս Դարչինյանի մահվան տարելիցի օրը Խոջիվանքի «Մեծաց մեծերի» պանթեոնում կատարվեց հոգեհանգստյան կարգ PDF Տպել Էլ.փոստ

sd 

Սույն թվականի հոկտեմբերի 2-ին լրացավ վաստակաշատ արխիվագետ, թբիլիսահայ ճանաչված ճարտարագետ, Վրաստանի հայկական պատմական կոթողների հետազոտող և մեծ գիտակ Սարգիս (Սերգո) Դարչինյանի մահվան մեկ տարին: Թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները, Սարգիս Դարչինյանի հարազատների, Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչների հետ միասին, Վիրահայոց թեմի հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեցին Թբիլիսիի Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն, որտեղ հուղարկավորված է նրա դին: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ հանգուցյալի հոգու խաղաղության համար: Սարգիս Դարչինյանի շիրիմին վերստին խոնարհվեցին ծաղիկներ ու տարածվեց խնկաբույրը:

Արարողակարգից հետո իր օրհնությունը բաշխելով Սարգիս Դարչինյանի տապանաքարի մոտ հավաքվածներին, Թեմակալ առաջնորդը արժևորեց այն մարդու գործունեությունը, ով իր գիտակցական կյանքի 40 տարիները նվիրել էր Վրաստանում, հատկապես Թբիլիսիում հայոց հետքի ուսումնասիրությանը: Սարգիս Դարչինյանը ստեղծելով գիտականորեն հիմնավորված, փաստարկներով հագեցած ու լուսանկարներով ապացուցված բազմաբնույթ արխիվ, արդեն մեկ տարի հանգչում է Խոջիվանքի պանթեոնում՝ իր արժանի տեղը գտնելով ազգի մեծերի կողքին, - նշեց Վազգեն Սրբազան Հայրը:

Իր խոնարհումը բերելով Սարգիս Դարչինյանի հիշատակի առջև, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը ընդգծեց հազվագյուտ ազգասեր նվիրյալի համեստությունը, որը չնայած ծառացած դժվարություններին և խոչընդոտներին միայնակ, լռելյայն, գործը մինչև վերջ կատարելու պատասխանատվությամբ անում էր մի ողջ հետազոտական հիմնարկության աշխատանք: Բանաստեղծուհին ներկայացնելով «Կամուրջ» տարեգրքի վերջին հրատարակությունը, ցավով նշեց, որ գրքում էջ է նվիրվել վիրահայ համայնքի անմոռանալի դեմք Սարգիս Դարչինյանի հիշատակին:

Վերստին հնչեցին ընտանիքին վշտակցության ու գնահատանքի խոսքեր երկնային կյանքում իր հավերժական տեղը գտած Սարգիս Դարչինյանի հիշատակին:

 

IMGP0013 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)