1

fb you od

Օծվեց Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցին PDF Տպել Էլ.փոստ

IMGP8174 

Դեկտեմբերի 21-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Մառնեուլի շրջանի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանի և հոգևոր դասի ներկայացուցիչների, օծվեց Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Օծման արարողությանը ներկա էին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տան տնօրեն Ժաննա Դավթյանը, բարերար Միքայել Արաբաջյանը, գործարար Ռաֆայել Աղաջանյանը, Շահումյանի գյուղական խորհրդի պատգամավոր Էդուարդ Գասպարյանը, տեղի հանրային դպրոցի տնօրեն Արտյուշ Ուրումյանը, Կարմիր գյուղի դպրոցի տնօրեն Հմայակ Սայադյանը և ուրիշներ:

Շահումյանը Վրաստանի Մառնեուլի շրջանի քաղաքատիպ հայաբնակ ավան է: Բնակիչների նախնիները գաղթել են Արցախից և Վրաստանի այլ վայրերից: Գյուղը հիմնադրելու ժամանակ, 1715-20-ական թվականներին ժողովրդի միջոցներով կառուցվել է Սուրբ Աստվածածին անունով եկեղեցին: 1848 թվականին այն ենթարկվել է հիմնական վերանորոգման:

Տասնամյակներ անց եկեղեցին կրկին հայտվում է ավերված և թշվառ վիճակում: Առաջացավ եկեղեցու հիմնական վերանորոգման անհրաժեշտություն: Վիրահայոց թեմը ոչ միայն նախաձեռնեց և կազմակերպեց եկեղեցու վերանորոգչական աշխատանքները, այլև ամբողջացրեց և հասցրեց ավարտին:

Եկեղեցու օծումից հետո մատուցվեց անդրանիկ Սուրբ Պատարագը: Պատարագիչն էր Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը: Սբ. Պատարագն ընթացավ Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցու երգչախմբի անդամների կողմից շարականների կատարումների ներքո:

Հավարտ Սբ. Պատարագի ներկա հասարակությանը օրհնության և գնահատանքի խոսքով դիմեց Թեմակալ առաջնորդը: Սրբազան Հայրը շնորհավորեց շահումյանցիներին եկեղեցու բացման կապակցությամբ, գնահատանքի խոսքեր ուղղեց բարերարներ Հրաչ և Վիտալի Մանասյաններին, Միքայել Արաբաջյանին, Վիրահայոց թեմի վարչա-տնտեսական բաժնի պատասխանատու Կարեն Երիցյանին, Տեր Հուսիկ քահանա Հարությունյանին, որոնց ջանքերով վերանորոգվեց այս եկեղեցին ու նվիրվեց ավանի հայ ազգաբնակչությանը:

Շահումյան ավանում, բացի հայերից բնակվում են նաև ադրբեջանցիներ, վրացիներ, ռուսներ, հույներ: Սեփական աղոթատեղի ունենալը հայերի վաղեմի երազանքն էր, որը վերջապես իրականություն դարձավ Սուրբ Աստվածածին եկեղեցու բացմամբ: Շահումյանցին ունեցավ առ Աստված աղոթելու, մկրտվելու, պսակ անելու, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններով ապրելու հնարավորություն:  

IMGP8175 IMGP8217 sait1

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)