1

fb you od

Թբիլիսահայ համայնքը ըմբոշխնեց Ռոբերտ Ամիրխանյանի երգերի կենդանի կատարման հմայքը PDF Տպել Էլ.փոստ

robert amirkhanyan

Սեպտեմբերի 7-ին, Թբիլիսիի Ազգային գրադարանի ցուցահանդեսային դահլիճում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործական երեկոն:

Միջոցառումը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ համագործակցությամբ ՀՀ Մշակույթի նախարարության և աջակցությամբ՝ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի: Միջոցառումն իրականացավ թբիլիսահայ համայնքի և մայր հայրենիքի միջև մշակութային կապերը մերձեցնելու նպատակով ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

Ստեղծագործական երեկոյին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը՝ տիկնոջ հետ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասի, թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչներ, Ռոբերտ Ամիրխանյանի երգի ու երաժշտության երկրպագուներ:

Բացելով միջոցառումը՝ Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանը ներկայացրեց մայր հայրենիքից ժամանած հանրաճանաչ երգահանին և երգչուհի Սեդա Ամիր-Կարայանին: Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը համայնքային կյանքում ազգայինը պահպանելու հարցում կարևորեց մայրենի լեզվի պահպանությանը և մշակութային կապի զարգացմանը միտված միջոցառումները, դրանցից մեկը անվանելով այս հանդիպումը: Պարոն դեսպանը շնորհակալության խոսքեր ուղղեց Ռոբերտ Ամիրխանյանին՝ Վրաստան ժամանելու և թբիլիսահայ համայնքի հետ հանդիպելու կապակցությամբ:

Օրհնության և գնահատանքի խոսքեր ուղղելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը անդրադարձ կատարեց Վրաստանում հայ մշակույթի զարգացմանը, հայ-վրացական մշակութային կապերի խորացմանը, կոչ անելով նման հանդիպումների և ստեղծագործական երեկոների միջոցով ամրացնել հենարանը կապերը խորացնելու և ազգայինը զարգացնելու համար:

Ճանաչված երաժիշտ Ռոբերտ Ամիրխանյանը ողջունելով ներկաներին, իր ստեղծագործական երեկոն բացեց ինքը կատարելով մայր հայրենիքին նվիրված «Երազ, իմ երկիր» երգը: Ու տարածվեց մեծատաղանդ երգահանի ստեղծագործությունների բարձրարվեստ կատարումների հմայքը:Երեկոյի ընթացքում Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունների հրաշալի կատարմամբ հանդես եկավ Հայաստանի կատարողական արվեստի նորահայտ, բայց արդեն իսկ մեծ ճանաչում ձեռք բերած երգչուհի Սեդա Ամիր-Կարայանը: Հեղինակի և շնորհալի երգչուհու հրաշալի կատարումներով համեմված ստեղծագործական երեկոն ուղեկցվում էր հանդիսատեսի բուռն և երկարատև ծափահարություններով: Ստեղծագործական երեկոն անցավ ջերմ մթնոլորտում, դառնալով գեղեցիկ հուշ ներկաների համար:

IMGP9673 IMGP9719