Լուրեր
|
2018 թվականի դեկտեմբերի 22-ին, Վրաստանի հայ մտավորականների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի պետականության վերականգնման 100-ամյակին: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը: Դահլիճում տեղեր էին գրավել Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարուղար Արթուր Սարգսյանը, համայնքային գործիչներ, մտավորականներ, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին, միջոցառումը բացեց «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը: Հայաստանում պետականության անցած ուղու մասին բանախոսությամբ հանդես եկավ հայ մտավորականների միության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանը: Բանախոսությունը բարձրացրեց վերհուշը նախորդ դարի բարդ ու դժվարին մի ժամանակաշրջանի, երբ մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց իր գոյության և ազատ ու անկախ կյանքի իրավունքը ու մեծ զոհողությունների գնով վերականգնեց անկախ պետականությունը:Բանախոսության յուրատեսական ամրագրում դարձավ ցուցադրված վավերագրական ֆիլմը: Շնորհավորանքի և կազմակերպիչներին ուղղված շնորհակալության խոսք ասաց Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետը: Միջոցառումն ամփոփեց և իր օրհնությունը ներկաներին հղեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Վազգեն Սրբազանն անդրադարձ կատարեց պետականության վերականգնման և Հայաստանի անկախության պահպանման համար ժողովրդի մղած պայքարի կարևորությանը, արժևորեց դրա ամրապնդման, զարգացման համար Հայաստանի և աշխարհասփյուռ հայության նպատակաուղղված և նպատակասլաց գործունեությունը: Սրբազանն իր գնահատանքը բերեց միջոցառման նախաձեռնող կազմակերպությանը՝ ի դեմս Ենոք Թադևոսյանի և «Հայարտուն» կենտրոնի: Միջոցառումն ավարտվեց «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախմբի (խմբավար Մարիա Աբուլյան, դաշնակահար Կարեն Միրզոյան) և մենակատար Աիդա Բազոյանի կատարմամբ Հայաստանին և նրա հերոսներին նվիրված երգերով, որը հիրավի տոնական դարձրեց ներկաների տրամադրությունը:
|