2018 թվականի դեկտեմբերի 23-ին, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանի, Ախալցիխե քաղաքում, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից շինությունում, բացվեց Վարդգես Սուրենյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոն: Օրը տոնական էր, հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն, Ախալցիխեի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, Սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն: Ներկա էին նաև Ախալցիխեի, Նինոծմինդայի և Ախալքալաքի հայ մտավորականության ներկայացուցիչներ, պատգամավորներ, համայնքային գործիչներ, Առաջնորդարանի, Թեմի պաշտոնեությունը: Բացման խոսքով հանդես եկան Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ հգշ. Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, պատգամավոր Գիորգի Կոպաձեն, Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը, Ախալցիխեի սակրեբուլոյի սոցիալական, բժշկական, սպորտի, մշակույթի և երիտասարդական կոմիտեի նախագահ Համբարձում Բաբոյանը և այլք: Բանախոսները ողջունեցին Թեմի նախաձեռնությունը և մաղթեցին գործերին հաջողություն, հույս հայտնեցին, որ այս կենտրոնի գործունեությամբ Ախալցիխեի հայությունը հնարավորություն կունենա պահպանելու իր ինքնությունը, զարգացնելու հոգևոր-մշակութային կյանքը: Այնուհետև Թեմակալ առաջնորդի նախագահությամբ կատարվեց կենտրոնի օրհնության կարգ, որից հետո Վազգեն Սրբազանն իր շնորհավորանքը և օրհնությունը բերեց կենտրոնի բացման առիթով և բարձր գնահատեց հոգևոր տեսուչ Հակոբ աբեղայի նախաձեռնությունները: Վիրահայոց թեմի առաջնորդն իր գնահատանքը հայտնեց նաև Ախալցիխեի իշխանություններին հայության հանդեպ դրսևորած ուշադրության և քաջալերանքի համար: Կենտրոնում գործելու են երգի, պարի, գեղագիտության, Մայր Եկեղեցու պատմության ուսուցման խմբակներ: Կենտրոնի տնօրեն նշանակվեց Ասյա Եպրանոսյան-Բաբոյանը:
Նորաբաց կենտրոնում գողտրիկ համերգային ծրագրով հանդես եկան Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Ախալցխա» երգի-պարի համույթը, պարուսույց Վերոնիկա Համբարյանի, Ծղալթբիլայի հանրային դպրոցի «Նոր շեն» համույթը, պարուսույց Արմինե Այվազյանի ղեկավարությամբ:
Վիրահայոց թեմի առաջնորդին Ախալցիխեում ընկերակցում էին Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի օգնական հովիվ Տեր Կիրակոս Սիմոնյանը և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը:
«Վարդգես Սուրենյանց» կենտրոնը թվով չորրորդն է Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մեջ: Նմանատիպ կենտրոններ գործում են Ախալքալաքում, Նինոծմինդայում և Արակովա գյուղում:
|