Լուրեր
|
2018 թվականի դեկտեմբերի 15-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը, ուղեկցող պատվիրակության հետ միասին, այցելեց թեմի հովանու ներքո գործող Բաթումիի Ալ. Մանթաշյանց կրթամշակութային և երիտասարդական կենտրոն և ներկա գտնվեց կենտրոնի գեղարվեստական խմբերի տոնահանդեսին: Մանթաշյանց կենտրոնը գեղեցիկ անակնկալ էր պատրաստել հյուրերի համար: Տեղի ժողովրդական թատրոնի ուժերով, Թումանյանի 150-ամյակին ընդառաջ, ներկայացվեց երկու դրվագ «Քեֆ անողի քեֆը չպակասի» պոեմի բեմադրությունից: Տպավորությունը սպասածին գերազանցեց: Բաթումահայ համայնքի տարբեր բնագավառների անհատներ, մեծ նվիրումով, հարուստ երևակայությամբ և դերասանական գեղեցիկ ու գրագետ խաղով ներկայացրեցին Մեծ Լոռեցու միշտ արդիական ստեղծագործությունը: Բեմադրությունն ուղեկցվում էր ներկաների բուռն ոգևորությամբ և բավականության ջերմ արտահայտությամբ: Գնահատանքի խոսքով հանդես եկան Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը, Ջինիշյան հիմնադրամի ԱՄՆ-ի գրասենյակի տնօրեն Էլիզ Մինասյանը և Երևանի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը: Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Վազգեն Սրբազանը անդրադարձ կատարեց Բաթումիի Ալ. Մանթաշյանց կենտրոնի գործունեությանը, որն իր նախակրթարանով, կիրակնօրյա դպրոցով, ստեղծագործական խմբակներով հիրավի դարձել է բաթումահայության ազգային կենտրոնը:Արժևորեց ժողովրդական թատրոնի ստեղծումը, բաթումահայ համայնքի տարբեր բնագավառների գործիչների ընդգրկումը ներկայացումներին, ինչը անշուշտ նոր խթան է եկեղեցու շուրջ բաթումահայության համախմբման ուղղությամբ: Գրշ. Տեր Վազգեն եպիսկոպոսը երախտագիտություն հայտնեց Ջինիշյան հիմնադրամին, կենտրոնի աշխատանքների ծավալմանը և հիմնադրամի ԱՄՆ-ի և Երևանի գրասենյակների տնօրեններին նվիրեց հին Թիֆլիսի պատկերով գեղանկարներ: Թեմակալ առաջնորդն իր օրհնությունը և բարձր գնահատանքն ուղղեց կենտրոնի ղեկավար Սոնա Հովհաննիսյանին և հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քհն.Գումբալյանին՝ճիշտ կազմակերպած գործունեության և նվիրական ծառայության համար ու փոխանցեց հուշանվերներ: Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոսի կողմից հյուրերի պատվին կայացավ հյուրասիրություն:
|