2018 թվականի դեկտեմբերի 14-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ բանաստեղծ-թարգմանիչ, Վրաստանի գրողների միության և ՀՀ գրողների միության պատվավոր անդամ,Վրաստանի «Պատվո» շքանշանի և Հայաստանի Մովսես Խորենացի շքանշանի ասպետ, Մաչաբելիի մրցանակի դափնեկիր Գիվի Շահնազարի ծննդյան 85-ամյակին նվիրված երեկո: Գիվի Շահնազարը հանճարեղ անհատականություն է, որի մարդկային օրինակով ու արվեստով աճել են սերունդներ: Նրա անկրկնելի թարգմանությունները հայերենից, ռուսերենից, աբխազերենից, օսերենից սոսկ թարգմանություններ չեն, այլ պոետական խոսք, անկրկների ոճ, բառերի ճիշտ և տեղին ընտրություն, ինչը թարգմանությունը դարձնում են բնագրին համահունչ – իրենց խոսքում նշեցին բոլոր բանախոսները: Ճանաչված բանաստեղծ-թարգմանչի բարձրարժեք թարգմանությունների շնորհիվ, վրաց ընթերցողի սեղանի գիրք են դարձել Նահապետ Քուչակի հայրենները, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունից» հատվածները, Սայաթ-Նովայի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները: Դալիճը հագեցած էր դրական լիցքով, սիրով և ջերմությամբ: Բանաստեղծ-թարգմանչի մեծարումը և երախտագիտությունը նրա բարության, ստեղծագործական հարուստ աշխարհի, հայ և վրացի գրականությունների մերձեցման համար կարմիր թելի նման անցնում էր բոլոր բանախոսների ելույթներով: Երկար տարիների ստեղծագործական գործունեության մաղթանքով հոբելյարին, ով նաև հայ հայ-վրացական բարեկամության փարոս է, շնորհավորեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը,Վրաց Ուղղափառ եկեղեցու Անդրեա առաքյալի անվան հոգևոր ակաղեմիայի ռեկտոր Սերգո Վարդոսանիձեն: ՀՀ Մշակույթի նախարարի խորհրդական Արուսյակ Տերչանյանը փոխանցեց Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի շնորհավորական ուղերձը: Տպավորիչ եւ բարձր գեղարվեստականությամբ էր հագեցած Գ.Շահնազարի վրացերեն թարգմանությունների ընթերցանությունը, ուղեկցվող երաժշտությունը: Ամփոփելով երեկոն, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը արժևորեց Գիվի Շահնազարին, ով այսօր հայերի եւ վրացիների հազարամյակների բարեկամության խորհրդանիշն է։ Վերջինս Գիվի Շահնազարին ներկայացրեց որպես վիրահայության նահապետ, երկու քրիստոնյա ժողովուրդներին միացնող ամրակուռ կամուրջ: Ջերմությամբ էր հագեցած թարգմանական արվեստի մեծ երախտավորի՝ Գիվի Շահնազարի շնորհակալական խոսքը։ Երեկո վարեց Վրաստանի գիտա-հետազոտական կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Էմմա Ախտյանը:
|