Լուրեր
|
2018 թվականի դեկտեմբերի 14-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Ջինիշյան հիշատակի սրահում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ, կայացավ Հովհ. Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանական միջոցառումների համայնքային հանձնաժողովի հերթական նիստը: Նիստը բացեց թեմակալ առաջնորդը, ողջունեց հանձնաժողովի լիակազմ մասնակցությունը և արժևորեց երկու երկրների՝ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակից Ալեքսանդրե Գրիգալաշվիլիի և ՀՀ Մշակույթի նախարարի խորհրդական Արուսյակ Տերչանյանի ներկայությունը: Թեմի մամլո խոսնակը ներկայացրեց միջոցառումների ծրագրի փոփոխված տարբերակը, հավելեց, որ ստեղծվել են 6 ենթահանձնաժողովներ, որոնք կազմակերպելու և համակարգելու են նախանշված աշխատանքները: Երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչները խոսեցին հոբելյանական միջոցառումներին իրենց կառույցների մասնակցության մասին և աջակցություն հայտնեցին նշված համայնքային միջոցառումների իրականացմանը: Նախանշված տպագրական, մշակութային միջոցառումների կողքին առաջարկվեց կազմակերպել գիտական կոնֆերանս Թբիլիսիում՝ նվիրված Հովհ. Թումանյանի և Կոմիտաս վարդապետի կյանքին և գործունեությանը, ինչպես նաև առաջարկություն եղավ տեղադրել Հովհ. Թումանյանի կիսանդրին Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի հարակից այգում: Հանձնաժողովի հերթական նիստը ամփոփեց Թեմակալ առաջնորդը: Մինչև տարեվերջ ծրագրերի նախահաշիվները կներկայացվեն Վրաստանի և Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարություններին:
|