Լուրեր
|
2018 թվականի դեկտեմբերի 12-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ «Անհայտներ հայտնիի մասին...» շարքից հերթական գունապատկերների (սլյադների) շոուն: Արցախ կատարած իր վերջին ճանապարհորդության մասին, որն անցնում էր Ասկերանի, Հադրութի և Մարտունիի շրջաններով, ճանաչված մանրանկարչուհի Գոհար Հակոբյանը պատմեց և գունապատկերներով ցույց տվեց տեղի հազվագյուտ պատմա-մշակութային հուշարձանները, սրբավայրերը, ամրոցները: Բանախոսը սույն ուղևորությունն իրականացրել էր մինչև 1988 թվականը եղած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում: Նա պատմեց Սրաբեկ գյուղի, Դաշուշեն համայնքի, Սուրբ Աստվածածին եկեղեցու, Մելիք Եգանի և նրա 9-րդ սերնդի, Բռնիգեղցիների մասին: Ներկայացրեց եկեղեցիների ու մենաստանների ճարտարապետական ոճը, պատմական ճակատագիրը, նկարագրեց աշխարհագրական դիրքը և ռազմավարական նշանակությունը, վերծանեց յուրաքանչյուր հուշակոթողի անվանումը: Հետաքրքիր գունապատկերների և բովանդակալից մեկնությունների համար շնորհակալության խոսք ասացին Միխայիլ Թադևոսովը և Արտեմ Կիրակոզովը: Գոհար Հակոբյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին: Հավարտ միջոցառման, օրհնության և գնահատանքի խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց Գոհար Հակոբյանի սերն ու հետաքրքրությունը Արցախի պատմության, հոգևոր և մշակութային կոթողների նկատմամբ, կարևորեց ուսումնասիրածը ներկաներին փոխանցելու ձգտումը, հորդորեց նույն ոգևորությամբ շարունակել ներկայացնել հայտնիների անհայտ էջերը: Գունապատկերների շոուն մեծ տպավորություն գործեց ներկաների վրա:
|