2018 թվականի դեկտեմբերի 5-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում, դատավոր Նանա Ճիճիլեիշվիլիի նախագահությամբ, տեղի ունեցավ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով հերթական դատական նիստը՝ Վիրահայոց թեմն ընդդեմ Վրաստանի Հանրային Ռեեստրի ազգային գործակալության: Դատական նիստին ներկա էին ինչպես հայցվոր կողմը, այնպես էլ Հանրային Ռեեստրի ազգային գործակալության և Էկոնոմիկայի նախարարության լիազորված ներկայացուցիչները։ Որպես երրորդ կողմ ներկայացել էր Վրաց Ուղղափառ Եկեղեցին: Նիստը պետք է ընթանար նախորդ դատական նիստին Վրաց Պատրիարքարանի դատապաշտպանների կողմից բարձրացված հարցերին Վիրահայոց թեմի դատապաշտպաններ Դավիթ Բերձուլիի և Գվանցա Լոմիայի հիմնավորված պատասխաններով: Վիրահայոց Թեմի երկու դատապաշտպանները հարցերի հակադարձմանը պատրաստվել էին հավուր պատշաճի, հենվելով պատմական աղբյուրների և գործող օրենքների վրա: Թեմի դատապաշտպան Դավիթ Բերձուլին, հենվելով ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների միջազգային օրենսդրությունների և հռչակագրերի վրա, իր ելույթը կառուցեց Վիրահայոց թեմի՝ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ ունեցած անմիջական կապի վրա: Հանգամանորեն անդրադառնալով Վրաց Պատրիարքարանի դատապաշտպանների առաջադրած հարցերին, դատապաշտանն իր ելույթում արձանագրեց. Ա. Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին հայկական է, գործել է որպես Վիրահայոց թեմի եկեղեցի, ինչը հաստատված է արխիվային և ճարտարապետական փաստերով: Խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավվել է Հայոց Եկեղեցու շինությունը: Պատրիարքարանի դատապաշտպանի փաստարկը, թե իբր մի քանի դար առաջ նույն Եկեղեցու տեղում եղել է վրացական Եկեղեցի, միջազգային օրենսդրությամբ հիմք չի տալիս սեփականատիրոջ իրավունքով այն գրանցել Վրաց Պատրիարքարանի հաշվեկշռին: Բ. Անդրադառնալով Վիրահայոց թեմի շահագրգռվածությանը եկեղեցին համայնքին վերադարձնելու հարցին, թեմի դատապաշտպանը նշեց, որ բռնագրավված պաշտամունքային շինությունները սեփականության իրավունքով, բացի Վրաց Ուղղափառ Եկեղեցուց, վերադարձվել են նաև մուսուլմանական և հրեական կրոնական համայնքներին: Ուստի Հայոց եկեղեցու նկատմամբ սա խտրականության դրսևորում է: Գ. Թեմի դատապաշտպանը բարձրացրեց նաև Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու վրա, Պատրիարքարանի կողմից իրականացրած շինարարության հարցը, որը վնասում է հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցու տեսքը և խախտում նրա պահպանության իրավունքը: Փաստարկներով հագեցած իր ելույթն էր պատրաստել նաև Վիրահայոց թեմի երկրորդ դատապաշտպանը՝ Գվանցա Լոմիան, ով մտադիր էր ապացուցել, որ նման գործողություններով խախտվում է կրոնական փոքրամասնությունների, տվյալ դեպքում Վիրահայոց թեմի իրավունքը, սահմանափակվում է խղճի ազատությունը, դառնալով խտրականության և անհավասարության դրսևորում: Ելույթի իրավունքը տրամադրելով Պատրիարքարանի դատապաշտպան Նաթիա Տկեպլաձեին, դատավոր Ճիճիլեիշվիլին դրսևորեց իր կողմնակալ վերաբերմունքը Վիրահայոց թեմի նկատմամբ, չսահմանափակելով Վրաց Պարիարքարանի դատապաշտպանի երկարաշունչ խոսքը, որը հագեցած էր նաև դատապաշտպաններ Դավիթ Բերձուլիի և Գվանցա Լոմիայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով: Պատրիարքարանի դատապաշտպանն իր ելույթում մի քանի անգամ շեշտեց, որ Վրաստանում հայկական եկեղեցիները կառուցել են Վրաստանի քաղաքացիները և դրանք հանդիսանում են վրաց մշակույթի մաս: Ոստի վրացական պետությունը իրավունք ունի իր հայեցողությութամբ իր սեփականությունը, տվյալ դեպքում Թանդոյանց Սբ. Աստվածածին Եկեղեցին, անգամ առանց նրա պատմությունն ուսումնասիրելու, փոխանցել Վրաց Եկեղեցու Պատրիարքարանին: Բացի դրանից Թանդոյանց եկեղեցին Վիրահայոց թեմին վերադարձնելը, ըստ Պատրիարքարանի դատապաշտպանի կհանդիսանա վատ նախադեպ բազմազգ Վրաստանի համար, քանզի այդպիսով երկրում կխախտվի եկեղեցական իրավական հավասարակշռությունը: Արձագանքելով Թանդոյանց Եկեղեցու վրա կատարվող շինարարությանը, որի հետևանքով խախտվում է հուշարձանային ժառանգության տեսքը, Պատրիարքարանի դատապաշտպան Տկեպլաձեն հերքեց շինարարության գործընթացը: Անհիմն մեղադրելով, թե իբր Ցարական շրջանի Ռուսական կայսրության միջոցներով են հայոց եկեղեցիները կառուցվել, Վրաց Պատրիարքարանի դատապաշտպանը ընդգծեց, որ Վրաց Պատրիարքարանը նույնպես կարող է պահանջել երկրի սահմաններից դուրս կառուցված վրացական եկեղեցիները: Դատարանի որոշմամբ և կողմերի համաձայնությամբ դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 24-ին, ժամը 17:00-ին:
|