Վիրահայոց թեմի երիտասարդական խմբի հյուրընկալությունը ասորիկ եկեղեցում |
Լուրեր |
2018 թվականի նոյեմբերի 12-ին Թբիլիսիի Մար Շիմոն Բար Սաբբա Սուրբ Նահատակի անվան ասորիկ քաղդեական կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցավ «Պետությունը և կրոնը» թեմայով սեմինար –դասախոսություն: Սեմինարին հրավիրված էր նաև Վիրահայոց թեմի երիտասարդների խումբը արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի գլխավորությամբ: Խմբի կազմում էին Եղիշե սարկավագ Հարությունյանը, Արտակ սարկավագ Անտոնյանը, Թեմի երիտասարդական ծրագրերի համակարգող Նինա Սերոպովան և ակտիվ երիտասարդ Էմիլ Սարգսյանը: Սեմինարին հետաքրքիր դասախոսությամբ հանդես եկավ Վրաստանում Վատիկանի դեսպան Գերաշնորհ Տեր Խոսե արքեպիսկոպոս Բետենկուրը: Վերջինս ներկայացրեց Վատիկանի կառուցվածքը, պատմեց Պետրոս Առաքյալի՝ որպես կաթոլիկների առաջին Պապի մասին, Հռոմի ներկայիս՝ Ֆրանցիսկոս Պապի մասին, անդրադարձ կատարեց «Կարիտաս բարեգործական ընկերության բազմակողմանի գործունեությանը: Այնուհետև Վիրահայոց թեմի պատվիրակությունը շրջայց կատարեց եկեղեցում, ծանոթացավ կենտրոնի թատրոնի, պարի խմբի, երգչախմբի, ասորերեն լեզվի դասընթացների գործունեությանը: Վիրահայոց թեմի ներկայացուցիչները վառ տպավորություններով և տեղեկացած նորությունների մեծ պաշարով վերադարձան: |