2018 թվականի նոյեմբերի 13-ին արտակարգ ուրախությունն էր թևածում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Դահլիճը լեփ-լեցուն էր նախակրթարանի սաներով, Թբիլիսիի հայկական դպրոցների տարրական դասարանների աշակերտներով, նրանց ծնողներով և ուսուցիչներով: Երեխաներին հյուրընկալել էր Երևանի «Էլ-Մար» շրջիկ թատերախումբը, որը պետք է ներկայացներ «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» երաժշտական կոմեդիան: Սա մի քանի տարի առաջ Հայաստանի Հանրապետության պատանեկության ստեղծագործության կենտրոնի և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի միջև ձևակերպված հուշագրի շրջանակներում իրականացված երրորդ այցելությունն է «Հայարտուն» կենտրոն: Թիրախային դարձնելով պատանեկության ստեղծագործությունների զարգացումը, նախորդը եղել է բնապահպանական թեմայով, այժմ թատրոնն ու թատերական թեման էր ի դեմս Էլ-Մար շրջիկ թատրոնի, իսկ երրորդը կլինի ռազմա-հայրենասիրությունը:Պատանեկության ստեղծագործության կենտրոնի տնօրեն Նառա Արամյանը կարևորեց երեխաների հայեցի դաստիարակությանը և մշակույթի տարբեր ձևերում նրանց ստեղծագործական ունակությունների բացահայտմանը ուղղված նման այցելությունները և համագործակցությունը: Երևանի Էլ-Մար շրջիկ թատրոնը, հիմնադիր ռեժիսոր և դերասան Արմեն Դալլաքյանի գլխավորությամբ, գործում է ուսումնական ընկերության և կինոստուդիայի հովանավորությամբ: Նպատակը հայ երեխաներին տարբեր հեքիաթների թեմաներով բեմադրություններով հայ մշակույթին մոտեցնելն է, չարի կործանմամբ և բարու հաղթանակով սեր ու բարեգործություն ներշնչելն է: Էլ-Մար շրջիկ թատրոնը ամիսը առնվազն մեկ անգամ արտագնա ներկայացում է տալիս Երևանում, հյուրախաղերով հանդես է գալիս տարբեր տարածաշրջաններում, սա շրջիկ թատրոնի առաջին արտագնա ներկայացումն էր Հայաստանից դուրս և այն իրականացվեց Թբիլիսիում: Թատրոնի ներկայացումը բարեգործական էր: «Սպիտակաձյունիկի և 7 թզուկների» պատմությունը, իհարկե, ծանոթ էր երեխաներին, սակայն կերպարանափոխված դերասանները, նրանց ուրախ, անբռնազբոս և վարպետ խաղը հիացրեց փոքրիկներին: Դահլիճում չէր դադարում ծիծաղն ու ծափը, նաև հուզական արձագանքները, ոգեշնչելով թե մեծահասակ և թե պատանի դերասաններին: Ուրախ տրամադրությունը, որ ստեղծվել էր բարու հաղթանակով, ավարտվեց ջերմ ծափահարություններով, որը նաև հանդիսատեսի շնորհակալությունն էր հետաքրքիր ներկայացման, դերասանական խաղի, ուրախ երգի, ծիծաղելի շարժումների , զվարթ պարի համար: Ահա այսպիսին էր Էլ-մար» շրջիկ թատրոնի անդրանիկ ներկայացումը Վիրահայոց թեմում:
|