Լուրեր
|
2018 թվականի նոյեմբերի 6-ին, Վիրահայոց թեմի հյուրերն էին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի Երևանի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը, ռեսուրսների զարգացման մենեջեր Լիանա Սարգսյանը, քաղաքացիական հասարակության ծրագրերի համակարգող Ռուբեն Կրիկյանը և երևանյան ծրագրերի համակարգող Գայանե Աղայանը: Այցի նպատակը հիմնադրամի արդեն 10-ամյա պատմություն ունեցող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար 2018-2018 թթ.» ծրագրի շնորհանդեսն էր: Ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 7 համալսարաններում և որին առաջին անգամ ընդգրկվում է վիրահայ համայնքը, նպատակաուղղված է երիտասարդների մոտ զարգացնելու՝ սովորելու, հետազոտելու և սեփական կարծիք ձևավորելու ունակությունները: «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած շնորհանդեսին ներկա էին Թբիլիսիի տարբեր բուհերում սովորող ուսանողները և դպրոցների բարձր դասարանների սովորողները: Գործադիր տնօրենը ներկայացրեց ծրագիրը, որի առաջնային նպատակն է նախագիծ ներկայացնելու, դրամաշնորհ ստանալու շնորհիվ երիտասարդությանն ընդգրկել քաղաքացիական հասարակության զարգացման և ձևավորման գործընթացին, երիտասարդների մասնակցությամբ վեր հանել հասարակության խնդիրները և ձեռնամուխ լինել դրանց լուծմանը թիմային կազմով, ազատ և անկախ գործունեությամբ: Ծրագիրը շարունակական է, կարող է իրականացվել Վրաստանի բոլոր տարածաշրջաններում և ուղղված լինել կրթության, մշակույթի, սոցիալական, առողջապահության ոլորտներին: Հյուրերը մանրամասն ներկայացրեցին ծրագրին մասնակցության փուլերը, և ցուցադրեցին ծրագրի մասնակիցների կողմից իրականացված մտահղացումների մասին պատմող ֆիլմեր: Հանդիպումն ընթացավ հարց-պատասխանի ձևաչափով: Հիմնադրամի ներկայացուցիչները արժևորեցին երիտասարդների ակտիվ արձագանքը առաջարկին: Ջինիշյան հիշատակի հիմնադրամը Վիրահայոց թեմում իր ներկայացուցիչ նշանակեց Իլիայի համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Էմիլ Սարգսյանին: Վերջինս կհամակարգի նշված ծրագրի իրականացումը երիտասարդության շրջանում:
|