Լուրեր
|
2018 թվականի հոկտեմբերի 30-ին, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում կայացավ ավանդական բազմաձայնության 9-րդ միջազգային սիմպոզիումի հանդիսավոր բացումը: Սիմպոզիումը երկամյա միջակայքով կազմակերպում է բազմաձայնության հետազոտության միջազգային կենտրոնը, որին մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ: Սիմպոզիումի հանդիսավոր բացմանը նվիրված համերգը կրում էր «Թբիլիսյան ազգագրական երեկո» խորագիրը և հետամուտ էր տարբեր երկրներից ժամանած հյուրերին և սիմպոզիումի մասնակիցներին ներկայացնել տարբեր ժողովուրդների մշակույթն իր երգով, պարով, նվագարաններով , որը թբիլիսյան հազվագյուտ բազմազան կոլորիտն է : Հանդիսույթին հրավիրված էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան): Տարբեր ազգերի մշակույթը ներկայացնող համերգային ծրագրում, ի թիվս թբիլիսաբնակ տարբեր ժողովուրդների մշակութային նմուշների, ընդգրկված էին նմուշներ հայկական հնագույն մշակույթից: Դրանք էին ազգագրական պարերի շարանը «Տարոն» պարային համույթի կատարմամբ՝ պարուսույց Սուրեն Աբրամյանի ղեկավարությամբ և գուսան Շահենի երգերի շարանը՝ դուդուկի խմբի և դհոլի նվագակցությամբ՝ Իվանե Մկրտչյանի և Ռոբերտ Կաշավանիձեի գլխավորությամբ: Հայկական պարն ու նվագը հանդիսատեսի կողմից ընդունվեց ջերմ ծափահարություններով:
|