Վիրահայ համայնքը շարունակում է տոնակատարությունների շարքը՝ նվիրված Հայաստանի և Վրաստանի պետականության 100-րդ տարեդարձին: 2018 թվականի հոկտեմբերի 20-ին, օրհնությամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սուրբ Գրիգոր Տաթևացի» կիրակնօրյա դպրոցի տոնական միջոցառումը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին, Հայաստանի և Վրաստանի պետականության հոբելյաններին: Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր ծառայողները, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության պաշտոնեությունը, կենտրոնի սաները, նրանց ծնողները և բազմաթիվ հյուրեր: Միջոցառումը սկսվեց միասնական Տերունական աղոթքով և պետական օրհներգով, իսկ ընթացքում կենտրոնի «Զարթոնք» պարի խմբի և «Ջավախքի ձայներ» երգչախմբի սաները հանդես եկան հայրենասիրական երգերի կատարումներով և ազգագրական պարերով։ Միջոցառման ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը։ Վերջինս փոխանցեց թեմակալ առաջնորդի հայրական օրհնությունը և իր գնահատանքը բերեց մշակութային կենտրոնի սաներին ու մանկավարժներին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար։ Հաջորդ օրը, հոկտեմբերի 21-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի և Բորժոմի հոգևոր տեսչությունը, Ախալցիխե քաղաքում կազմակերպեց երկու եղբայրական երկրների Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետականության 100-րդ տարեդարձին նվիրված երեկո: Միջոցառմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Երեկոյին ներկա էին Վրաստանի խորհրդարանի Ախալցիխեի և Ադիգենի մեծամասնական պատգամավոր Գիորգի Կոպաձեն, Ախալցիխեի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, սոցիալական, բժշկական, սպորտի և երիտասարդական կոմիտեի նախագահ Համբարձում Բաբոյանը, քաղաքային և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, նաև հյուրեր շրջակա գյուղերից և Ախալքալաքից: Ողջույնի խոսքով միջոցառումը բացեց Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը: Մշակութային 25 համարներով, ընդորում ազգային, հայրենասիրական, հոգևոր երգերի և ազգագրական պարերի կատարումներով հանդես եկան Հոգևոր Տեսչության հովանու ներքո գործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Ախալցխա» երգի և պարի համույթը, (պարուսույց և գեղարվեստական ղեկավար Վերոնիկա Համբարյան), Ախալցիխեի Հովհաննես Թումանյանի անվան թիվ երեք հայկական և թիվ երկու ռուսական, Ծղալթբիլայի հանրային դպրոցների երգի-պարի խմբերը: Ելույթ ունեցան նաև անհատ կատարողները: Միջոցառումը վարեց Սվետլանա Հակոբյանը: Երեկոն ընթացավ բարձր մակարդակով և ժողովրդի կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ: Միջոցառման ավարտին շնորհավորանքի և օրհնության խոսքով հանդես եկավ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց Վրաստանի իշխանությունների և Ախալցիխեի շրջանի ղեկավարության բարյացակամ վերաբերմունքը հայկական մշակույթի պահպանության և զարգացման նկատմամբ: Վիրահայոց թեմի առաջնորդը աղոթք բարձրացրեց Հայաստանի և Վրաստանի եղբայր ժողովուրդների խաղաղության և սիրով համակեցության համար: Սրբազանը գնահատեց և օրհնեց հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղայի լավ աշխատանքը, գնահատանքի խոսքեր ուղղեց դպրոցների տնօրինություններին, շնորհավորեց միջոցառման մասնակիցներին և հյուրերին: Այս գեղարվեստական միջոցառումը ուներ նաև մեկ այլ նպատակ. վաճառված տոմսերից ստացած հասույթը պետք է տրամադրվի Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգությանը:
|