Լուրեր
|
2018 թվականի հոկտեմբերի 19-ին, Վիրահայոց թեմի պաշտոնեությունը թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ ուղևորվեց Ախալցիխե: Թեմի պատվիրակությունը այցելեց տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ծանոթացավ եկեղեցու հիմնանորոգության աշխատանքների ընթացքին: Պատվիրակության անդամները, միանալով Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին և դեսպանության աշխատակիցներին, մասնակցեցին Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառմանը, որը նախաձեռնել էր Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությունը, ղեկավար Ալեքսանդր Իգիթխանյանի գլխավորությամբ: Միջոցառման շրջանակներում հյուրերը այցելեցին Ախալցիխեի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 դպրոց, իրենց խոնարհումը բերեցին և ծաղիկներ զետեղեցին դպրոցի շրջանավարտ Կարապետ Էլբակյանի աջակցությամբ դպրոցի սրահում հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված հուշաղբյուրի պատվանդանին, որի վրա 2005 թ-ին Ախալցիխե կատարած այցելության ժամանակ Շառլ Ազնավուրը թողել էր իր ստորագրությունը: Այնուհետև միջոցառումը տեղափոխվեց «Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միություն:Դահլիճում տեղեր էին զբաղեցրել տեղի հայ համայնքի և Ազնավուրի ազգատոհմի անդամները, այդ թվում ամենատարեցը՝ տիկին Հասմիկ Սուլջյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան Ալեքսանդր Իգիթխանյանը, Մոսկվայից հատուկ ժամանած Ախալցիխեի թիվ 3 դպրոցի նախկին տնօրեն Լյուբա Մաթևոսյանը,Ծղալթփիլայի դպրոցի տնօրեն Սվետլանա Նահապետյանը, Թեմի լրատվական բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը և ուրիշներ: Միջոցառմանը հնչեցին մեծ երգչի,երգահանի ստեղծագործություններից նմուշներ, հեղինակային բանաստեղծություններ: Ցուցադրվեց Շառլ Ազնավուրի Ախալցիխե կատարած այցելության տեսագրությունը: Միջոցառմանը օրհնության խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդը: Անդրադարձ կատարելով Ախալցխայի հայության պատմությանը, Թեմակալ առաջնորդը Շառլ Ազնավուրի օրինակով, արժևորեց հայ ժողովրդի պայքարաշունչ ոգին, ստեղծագործական տաղանդը և մաղթեց նորանոր ձեռքբերումներ արժանավոր հայորդիներին: Հավարտ միջոցառման Վիրահայոց թեմի պատվիրակությունը, այցելեց Ախալցիխեի գերեզմանոցում հանգչող երջանկահիշատակ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու շիրիմին: Սրբազան հոր կողմից կատարվեց հոգեհանգստյան աղոթքը և վառվեցին մոմեր: Հիշատակի խոսքերով մոմեր վառվեցին նաև երջանկահիշատակ քահանաներ Ռուբեն և Շմավոն Սաղոյանների շիրիմներին: Ուշ երեկոյան Վիրահայոց թեմի պատվիրակությունը վերադարձավ Թբիլիսի:
|