2018 թվականի հոկտեմբերի 9-ին, Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հավատացյալների 18 հոգուց բաղկացած խումբը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությամբ, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության և Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի առաջնորդությամբ ուխտագնացության մեկնեց Արևմտյան Հայաստանի պատմական սրբավայրեր: Բաթումահայերի ուխտագնացությունը մեկնարկեց Ախալցիխեից, որից հետո ուղևորվեցին Կարս։ Այցելեցին Կարսի Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ 928-953թթ.սրտի ցավով տեսան մզկիթի վերածված հայոց Աստծու տունը, որտեղ հայ քրիստոնյան պետք է մուտք գործի իսլամական կրոնի կանոններով: Հավատացյալների դառնացած հոգին հպարտության զգացում ապրեց Կարսի ամրակուռ և անընկճելի բերդի համայնապատկերը տեսնելով, որը սակայն մոլոր սրտով վկան է սև քարով կառուցված այլալեզու և այլադավան բնակիչներով երկհարկանի տների, դրանց հարևանությամբ գտնվող հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի հայրական տան փլատակների: Բաթումահայերը եղան Սարիղամիշում, դիտեցին հայ ժողովրդի պատմական մայրաքաղաք և անմոռանալի հպարտություն Անիի ավերակները: Որքան տպավորիչ, նույնքան էլ հուզական էր ուխտագնացությունը, հպարտությունը հայրենիքի երբեմնի անառիկության և գեղեցկության, կորստյան ցավն ու ափսոսանքը համատեղվել էին: Ուխտավորները եղան նաև Արևմտյան Հայաստանի հայաշատ Էրզրումում, Տարոն աշխարհի Մուշ քաղաքում: Այցելեցին Սբ. Մարինե եկեղեցին, որը կիսավեր է,նաև Հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Գևորգ Չաուշի աճյունը, բարձրացան Սուլուխի կամուրջ, որտեղ անհավասար մարտում զոհվել է Գևորգ Չաուշը: Հաջորդ սրբավայրը Վանա լիճն էր, Աղթամար կղզին, Սբ. Խաչ տաճարը, որտեղ, ցավոք, իշխանության թույլտվությամբ, ժամանակ առ ժամանակ է հնչում Սուրբ Պատարագը աշխարհում քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովրդի մայրենի լեզվով և տարածվում շարականների զուլալ մեղեդին: Հասնելով Վարագա վանք, բաթումահայերը արժանապատիվ Տեր Արարատի քահանայի գլխավորությամբ կատարեցին ճաշու ժամերգություն, հայոց հինավուրց եկեղեցում հնչեցրին մեղմանուշ հոգևոր երգը: Սրտի ցավով, արցունքախառն աչքերով Հայոց առաջին մայրաքաղաք Վանում ուխտավորները դիտեցին Վանա բերդը, բարձրագագաթ քարաժայռի վրա գտնվող հինավուրց Բայազետի բերդը: Այս անգամ էլ հուզառատ թախիծը տեղի տվեց Բերկրի ջրվեժի գեղեցկությանը, Մհերի դռան անառիկությանը: Ամենուրեք բաթումահայերի ուխտը ներդաշնակվում էր միասնական Հայր-մերով, ուխտավորների սրտի փափագի աղերսով և հոգևոր հոր Պահպանիչ աղոթքով: Հերոս նահատակների ցավով, Կորցրած հայրենիքի ափսոսանքով և մի գեղեցիկ օր կրկին վերադառնալու հաստատակամությամբ հոկտեմբերի 12-ին բաթումահայերը հրաժեշտ տվեցին պատմական հայրենիքի անմոռանալի սրբավայրերին:
|