Լուրեր
|
Վրաստանում ինչ-ինչ պատճառներով շարունակվում են դարերի ընթացքում Հայ համայնքի կողմից կառուցված եկեղեցական շինություններից հայկական հետքը վերացնելու գործողությունները: Դեռևս 2014 թվականի դեկտեմբերի 10-ին, Վրաստանի այն ժամանակի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ուղղած թիվ 1-207 նամակում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից ներկայացվել էր Վրաստանի տարածքում գոյություն ունեցող հայոց եկեղեցիների ցուցակը, որտեղ ընդգրկված էր նաև Դիղոմի գյուղի «Սուրբ կարմիր կիրակի» անունով հայկական եկեղեցին, կառուցված 19-րդ դարի կեսերին: Եկեղեցին գործել է մինչև խորհրդային կարգերի հաստատվելը: Այնուհետև զրկվել է իր գործառույթն իրականացնելու հնարավորությունից: Եկեղեցին մինչև օրս գտնվում է կանգուն վիճակում: Դեռևս 2003 թվականին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը երջանկահիշատակ արխիվագետ Սարգիս Դարչինյանի ուղեկցությամբ այցելել է վերոնշյալ եկեղեցին, ականատես եղել պահպանված հայատառ արձանագրությունների կամ գրությունների և որմնանակարների հետքերին, որոնք հավաստում են եկեղեցու հայկական լինելու մասին: Թեմակալ առաջնորդը աղոթք է բարձրացրել և շարական հնչեցրել պատմական եկեղեցում: Ցավոք, վերջին ժամանակաշրջանում, մեզ անհայտ անձանց կողմից վերստին սկսվել են հայկական հետքի վերացման բարբարոսական գործողությունները: Հերթական վանդալիզմի հետևանքով ոչնչացվել են սույն եկեղեցու հայկական պատկանելությունը հաստատող որմնանկարները, որոնք ծածկվել են գաջի ծածկույթով, կամ ոչնչացվել փորելով: Վիրահայոց թեմը բարձր է գնահատում ինչպես հայ, այնպես էլ այլազգի անհատների և կառույցների մտահոգությունը, նման վայրագությունների դեմ բարձրացրած իրենց ձայնը և կոչ է անում նման իրավիճակներւմ ոչ միայն դիմել առաջնորդարան, այլև պետական համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրել Վրաստանում հուշարձանների ոչնչացման այս պախարակելի ավանդույթի դեմ: Վիրահայոց թեմը, այս արարքը գնահատում է որպես Վրաստանում հայկական պատմա-մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դրսևորում, դատապարտում է նման քայլերը՝ հրավիրելով իշխանության պատկան մարմինների ուշադրությունը և համապատասխան քայլերի ձեռնարկումը:
|