Սուրբ Գևորգ զորավարի տոնը վիրահայ հավատացյալի նվիրական տոներից մեկն է, որը նշվում է սիրով և ժրաջանությամբ: Սրբի հիշատակի օրը՝ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին, առանձնահատուկ աշխուժություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Հավատացյալները եկել էին աղոթելու այս զորավոր տաճարում և ստանալու քաջամարտիկ Սուրբ Գևորգի օրհնությունն ու շնորհները: Մարդաշատ էր եկեղեցու բակն ու ներսը: Թբիլիսահայ հավատացյալներին միացել էին բազում զբոսաշրջիկներ, ովքեր հիանում էին առաջնորդանիստ եկեղեցու անկրկնելի գեղեցկությամբ, Սբ.Պատարագի ձգողականությամբ և շարականների մեղմանուշ հնչեղությամբ: Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ եկեղեցու առաջնորդանիստ եկեղեցում տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ-քահանան քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ քաջամարտիկ զորավարի քրիստոնյա հավատքին նվիրվածության և նահատակության մասին, արժևորեց հավատացյալների սերն ու նվիրվածությունը Սրբին, որի անունով դարերի ընթացքում կառուցվել են եկեղեցիներ, ընդորում առաջնորդանիստ Սուրբ Գևորգը, և ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպս. Միրզախանյանի հայրական օրհնությունը և շնորհավորանքները: Հոգևոր հայրը զորավար Գևորգի անսասանությունը քրիստոնեական հավատքի նկատմամբ համեմատեց հայ ժողովրդի հետ, ով պատմության ընթացքում բազում փորձությունների միջով է անցել, կենաց և մահու պայքար մղել և հավատարիմ մնացել իր հավատքին, իր ազգին, պահել ու պահպանել է իր հայրենիքը: Քարոզի վերջում Տեր Մանուկը բոլոր Գևորգ անվանակիրներին շնորհավորեց տոնի կապակցությամբ, հորդորեց նրանց ապրել Քրիստոսի հավատարիմ զավակները լինելու հպարտությամբ: Սուրբ Գևորգ եկեղեցին այն երանելի տաճարներից է, որտեղ պահվում է Սրբի մասունքը: Հավարտ Պատարագի, հավատացյալները հնարավորություն ունեցան մերձենալու և համբուրելու քաջամարտիկ Սրբի նվիրական մասունքը: Ժողովրդի կողմից սիրված Սրբի տոնը նաև ժողովրդական հագեցվածություն ուներ: Եկեղեցու բակում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» (պարուսույց Սուրեն Աբրամյան), Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի «Նեմրութ» (պարուսույց Ստելլա Սելեպանովա) և մայրաքաղաքի «Անի» (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) պարային խմբերի մասնակցությամբ տրվեց համերգ: Այն գեղեցիկ խոսքով վարեց Հենրիխ Պետրոսյանը և օրը դարձավ հիրավի տոնական: Հոգևոր հայրերի կողմից օրհնվեց և ներկաներին բաժանվեց Սուրբ Գևորգի տոնի առիթով հավատացյալների կողմից արված մատաղը: Եկեղեցասեր կանանց միության նախաձեռնությամբ և խաչի քավոր Յուրի Երեմյանի աջակցությամբ կազմակերպվեց տորթով և տարբեր խմորեղենով հյուրասիրություն: Սուրբ Գևորգ զորավարի տոնը հավուր պատշաճի նշվեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում: Եկեղեցական արարողություններ և ժողովրդական տարբեր միջոցառումներ տեղի ունեցան հատկապես սրբի անունով եկեղեցիներում: Հավելենք, որ Սուրբ Գևորգ տաճարը Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, այն կառուցվել է 13-րդ դարում, եղել է հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: 2015 թվականին հիմնովին վերանորոգվելով(IDeA հիմնադրամի և այլ բարերարների միջոցներով, Սուրբ Գևորգ եկեղեցին (կամ Բերդի Մեծ եկեղեցին) շարունակում է իր շուրջը համախմբել վիրահայությանը, հանդիսանալով թեմի առաջնորդանիստը:
|