Լուրեր
|
Թբիլիսահայ հավատացյալները հաճախ են կազմակերպում ուխտագնացություններ տարբեր սրբավայրեր: Նպատակների և նվիրական իղձերի կատարման փափագով նրանք իրենց խոնարհումն են բերում Աստծու տներին, մոմեր վառում և աղոթք բարձրացնում առ Աստված: Դրանցից մեկը ՀՀ Հարթագյուղի Սուրբ Հովհաննես հինավուրց և զորավոր մատուռն է, ուր ամեն անգամ թբիլիսահայ հավատացյալներն այցելում են մեծ սիրով և առանձնահատուկ նվիրումով: 2018 թվականի օգոստոսի 28-ին, ստանալով Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը, թբիլիսահայ հավատացյալները, բարեշնորհ սարկավագ Եղիշե Հարությունյանի առաջնորդությամբ, ճանապարհ ընկան դեպի մայր հայրենիքի այս խնդրակատար սրբավայրը: Հավատացյալները լավ գիտեին, որ Սուրբ Հովհաննես մատուռ հասնելու համար, իրենք պետք է բարձրանան Փամբակի լեռնաշղթայի բարձունքներից մեկը, որի կատարին ծվարած է 19-րդ դարի մատուռը: Հաղթահարելով շուրջ 3 կիլոմետր դժվարանցանելի ճանապարհը, ուխտավորները հավատքի մեծ զգացումով մոմեր վառեցին և իրենց աղոթքը բարձրացրին մատուռում: Իրենց ուխտի կատարման փափագով նրանք վայելեցին սրբավայրի գեղեցկությունը, ստացան հոգևոր մեծ լիցք և փոքր դադար առնելուց հետո շարունակեցին ճանապարհը: Ուխտավորների հաջորդ կանգառը Գյումրի քաղաքի Յոթ վերք եկեղեցին էր: Այստեղ թբիլիսահայ հավատացյալներին դիմավորեց տեղի սպասավոր բարեշնորհ Սարգիս սարկավագ Հարությունյանը: Վերջինս ուխտավորներին ներկայացրեց եկեղեցու պատմությունը, հասած արհավիրքներն ու հանդիպած դժվարությունները, նաև մեկնաբանեց հինավուրց եկեղեցու անվան խորհուրդը: Այնուհետև ուխտավորները այցելեցին տեղի Սուրբ Նշան եկեղեցին, որտեղ նույնպես իրենց աղոթքը բերեցին Ամենազոր Աստծուն: Հոգեպես մեծ լիցք ստացած, թբիլիսահայ հավատացյալները, ուշ երեկոյան վերադարձան իրենց տները, նման ուխտագնացության կրկին արժանանալու նվիրական ցանկությամբ:
|