Լուրեր
|
2018 թվականի օգոստոսի 21-26-ը Բաթումի և Քոբուլեթի քաղաքներում հյուրախաղերով հանդես եկավ Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ տնօրեն Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Կամո Արզումանյանի գլխավորությամբ, ով արդեն քառորդ դարից ավելի ղեկավարում է թատրոնը: Հյուրախաղերն իրականացվեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայության ու Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի նախաձեռնությամբ: Հյուրախաղերի օրերին Քոբուլեթիի «Դիանա» հյուրանոցային համալիրի դահլիճում և Բաթումիի տարբեր հանդիսասրահներում ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը», «Բարեկենդանը» «Գիքորը», թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը հանդես եկավ նաև երաժշտական այլ ծրագրերով: Երկարատև դադարից հետո ծովափնյա այս քաղաքների բնակիչները և բազմաթիվ զբոսաշրջիկներ ու հանգստացողներ սիրով դիտեցին թատերական արվեստի այս նմուշները, վայելեցին պրոֆեսիոնալ թատրոնի վաստակաշատ դերասանների արտիստիզմը և բարձրարժեք դերակատարումները: Կապանի պետական դրամատիկական թատրոնի տնօրինությունը և դերասանական կազմը իր երախտագիտությունն է հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովվին և բոլոր բարեգործներին, ում աջակցությամբ իրականացվեցին այս հյուրախաղերը: 1939 թվականին հիմնադրված, սակայն բազում դժվարությունների և փորձությունների միջոց անցած Սյունիքի մարզի Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնը շարունակում է ծաղկել, տարբեր փառատոնների և մրցումների իր մասնակցությամբ, նաև նման հյուրախաղերով գրանցել նորանոր հաջողություններ իր տարեգրքում:
|