Լուրեր
|
2018 թվականի օգոստոսի 10-ին, տեղի ունեցավ Վիրահայոց թեմի Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Արակովայի «Խրիմյան հայրիկ» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի նույնանուն նախակրթարանի ավարտական հանդիսությունը: Հին ավանդության համաձայն, միջոցառումը կայացավ Ախալքալաքի շրջանի Արակովայի Սուրբ Գևորգ եկեղեցու գավթում: Ներկա էին նախակրթարանի սաները, նրանց ծնողները, ուսուցիչները, համայնքի ղեկավարությունը, հյուրեր տարբեր տեղերից: Միջոցառմանը իրենց օրհնաբեր ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի օրհներգներով: Եկեղեցու կամարների տակ տիրում էր տոնական տրամադրություն:Երեխաները հանդես եկան իրենց սովորած երգ ու պարով, արտասանություններով: Ներկայացվեց ուսուցիչների ջանքերով և երեխաների մասնակցությամբ բեմադրված Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը»: Հանդիսության վերջում Թեմի առաջնորդին երեխաները նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած թղթե պատկերներ: Միջոցառման ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Թադեոս քահանան: Նախակրթարանի աշխատակազմին ուղղված շնորհակալության խոսք ասաց համայնքի ղեկավար Ղազարոս Հունանյանը: Իսկ ծնողները, ի նշան երախտագիտության, մանկավարժներին նվիրեցին ծաղիկներ և հուշանվերներ: Օրհնության իր խոսքում Թեմակալ առաջնորդը գնահատեց տնօրեն Նարինե Տեր-Մկրտչյանի, մանկավարժներ Սյուզի Նորվարդյանի, Լուսինե Հովհաննիսյանի և պարուսույց Քնարիկ Քուրդօղլյանի անմնացորդ նվիրումը երեխաների դաստիարակության Սուրբ գործին: Վազգեն Սրբազանն իր օրհնությունը բաշխեց նաև ծնողներին, ովքեր ամեն օր տարբեր համայնքներից Արակովա են բերում իրենց երեխաներին՝ կրթելու, դաստիարակելու և գեղագիտական ունակությունները զարգացնելու նպատակով: Այնուհետև թեմակալ առաջնորդի օրհնությամբ նախակրթարանի շրջանավարտներին տրվեցին ավարտական վկայականներ: Միջոցառման ավարտին կազմակերպվեց երեխաների հյուրասիրություն, որը նախաձեռնել էին նախակրթարանի մանկավարժները ևԱխալքալաքի փոխառաջնորդությունը:
|