Լուրեր
|
2018 թվականի հուլիսի 27-ին, Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին աշխատանքային այցով ուղևորվեց Նինոծմինդա: Բարձրպաշտոնյա հյուրին ուղեկցում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, մունիցիպալիտետի ղեկավարներ Անիվարդ Մոսոյանը և Սմբատ Կյուրեղյանը: Տեղի Սուրբ Սարգիս եկեղեցում պետնախարարին դիմավորեց և ողջունեց հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քհն.Պողոսյանը: Այնուհետև կայացավ հանդիպում հոգևորականաց դասի և հավատացյալ հոտի հետ: Մոմեր վառելուց և կարճատև զրույցից հետո պետնախարարը այցելեց քաղաքի Ռաֆայել Ջավախ կրթամշակութային և երիտասարդական կենտրոն: Կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, հոգևոր հովիվներ Տեր Արմաշ քհն. Պողոսյանը և Տեր Ղևոնդ քհն.Թոփաշյանը, կենտրոնի խմբավարները և մի խումբ սաներ ծաղիկներով դիմավորենցին հյուրերին:Կենտրոնում տեղի ունեցավ նախարարի հանդիպումը աշխատակիցների հետ, հանդիպումը վարեց կենտրոնի ղեկավարը: Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարը խոսեց երկրի ազգային քաղաքականության, երիտասարդության կրթության, պետական լեզվի ուսուցման կայունության մասին: Նա շնորհակալություն հայտնեց կենտրոնին ցուցաբերած նախաձեռնության համար - այն է՝ սեպտեմբեր ամսից կենտրոնում հիմնել վրաց լեզվի ուսումնասիրության խմբակ՝ մունիցիպալիտետի Զ.Ժվանիայի անվան պետական լեզվի ուսումնական կենտրոնի բազայի վրա: Ելույթներ ունեցան և առաջարկություններով հանդես եկան Ա. Մոսոյանը, Ա. Մելքոնյանը, Է.Քսպոյանը, հոգևոր հովիվներ Տեր Արմաշ քհն.Պողոսյանը և Տեր Ղևոնդ քհն.Թոփաշյանը: Հանդիպումից հետո պետնախարար Ցիխելաշվիլին և նրան ուղեկցող պաշտոնյաները այցելեցին քաղաքի Հայոս - Քարթլոս հուշապուրակ և ծաղիկներ զետեղեցին հայ և վրաց ժողովուրդների եղբայրությունը խորհրդանշող հուշարձանի պատվանդանին:
|