Լուրեր
|
2018 թվականի հունիսի 21-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին նշեց Սրբոց Թարգմանչաց տոնը: Տոնին նվիրված Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ և հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի կողմից մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սրբալույս Պատարագին ներկա էին հայերենի ուսուցման «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա Մարգարե» կիրակնօրյա վարժարանների սաները, նրանց ուսուցիչները, ծնողները: Հընթացս Սուրբ Պատարագի պատարագիչ Հայր Սուրբը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունը և բարեմաղթանքը ներկաներին: Տեր Հակոբ աբեղան հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիրների սուրբ լույսով լուսավորվելու, Սուրբ թարգմանիչներ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի օրինակով ապրելու մասին: Պատարագիչը ներկաներին շնորհավորեց Թարգմանչաց տոնի կապակցությամբ և հորդորեց ապրել հայոց գրերի հպարտությամբ, հայի ինքնության պարծանքով: Հավարտ Սուրբ Պատարագի, հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջնորդությամբ, Թեմի պաշտոնեության, մանկավարժների ուղեկցությամբ հայերենի ուսուցման վարժարանների սաները աղոթք անելու և ազգի մեծերի օրհնությունը երկնքից ստանալու համար այցելեցին Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Հոգևոր հայրերի կողմից «Հոգվոց» ասվեց այստեղ հանգչող ազգի մեծերի հոգու խաղաղության համար: Հովհաննես Թումանյանի շիրիմին խորհրդանշորեն փռվեցին Թեմի հայերենի ուսուցման դասընթացն անցած և հաջողությամբ ավարտական քննությունը հանձնած շրջանավարտների ավարտական վկայականները: Ու ակամայից ընդամենը երկու տարի առաջ հայերեն գրեթե չիմացող սաների կողմից հնչեցին հայոց լեզվին, Հայաստանին նվիրված հայ բանաստեղծների ստեղծագործություններից նմուշներ: Իսկ Վադիմ Խերիմյանը աշխարհում հնագույն, ինքնատիպ և գեղեցիկ հայերենով շրջանավարտների անունից շնորհակալության խոսք ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդին, կրթության բաժնի տնօրինությանը և ուսուցիչներին: Հոգեշնորհ Հայր Սուրբը արժևորեց մեկօրյա վարժարանների գործունեությունը և շնորհավորելով շրջանավարտներին դասընթացն ավարտելու կապակցությամբ, հորդորեց նրանց կանգնել Հայոց Եկեղեցու կողքին, ապրել քրիստոնեական հավատքով և ամենուրեք բարձր պահել հայի անունը: Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, անդրադարձ կատարելով հայերենի ուսուցման վարժարանների առաքելությանը Սփյուռքում հայերենի պահպանության և հայեցի դաստիարակության ազգանվեր գործում, գնահատանքի խոսքեր ուղղեց «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա Մարգարե» կիրակնօրյա վարժարանների ուսուցիչներ Թամարա Գաբոյանի, Ռոզա Զոհրաբյանի և Ռևիկ Կարապետյանի գործունեությանը, որի արդյունքում հնարավորություն է ընձեռվում հայերենից կտրված տարբեր տարիքի հայորդիներին սովորելու մայրենին, վերադառնալու իրենց արմատներին: Վիրահայոց Թեմի կրթական բաժնի տնօրենի ձեռամբ և հոգեշնորհ Հայր Սուրբի օրհնությամբ շրջանավարտներին բաժանվեցին վարժարանն ավարտելու վկայականներ: Միջոցառումն ավարտվեց խմբովի Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության արտասանությամբ:
|