Լուրեր
|
2018 թվականի հունիսի 10-ին, Թբիլիսիի Եզդիների «Տավափա եզդի» տաճարում տեղի ունեցավ տոնական միջոցառում: Օրվա կապակցությամբ տաճարում անցկացվեց Աստծու ծառայություն և տաճարի գմբեթի ծայրին բարձրացվեց գույնզգույն գործվածքեղենից պատրաստված ընծա: Միջոցառման կապակցությամբ հատուկ ժամանել էին եզդիական հոգևոր դեմքեր, թեմի անդամներ աշխարհի տարբեր անկյուններից: Տոնական միջոցառմանը ներկա էին Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Վրաստանում գործող տարբեր կրոնական միավորումների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Վիրահայոց թեմը ներկայացնում էին առաջնորդի օգնական բարեխնամ Գևորգ սարկավագ Անտոնյանը և թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը: Միջոցառմանը Զազա Վաշախմաձեն եզդիական համայնքին և հյուրերին շնորհավորեց տոնի առիթով: Շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ նաև Միքայել Ավագյանը: Վերջինս եզդիական համայնքին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը և շնորհավորանքները: Բանախոսը անդրադարձ կատարելով ինչպես հայ, այնպես էլ եզդի ժողովրդի ցեղասպանության արհավիրքներին, ընդգծեց, որ հայ ժողովուրդը ճանաչում և դատապարտում է եզդի ժողովրդի դեմ իրագործված սոսկալի եղեռնը: Խոսելով հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին,վերջինս հիշատակեց Ջանգիր աղայի, Արամ Տիգրանի և Լազոյի,Անդրանիկ փաշայի գործունեությունը, որոնք հայ և եզդի ժողովուրդների բարեկամության ջատագովներ էին և փառաբանվում են եզդի ժողովրդի կողմից: Երեկոյան, Բեթելի կենտրոնում եզդիական պատվիրակությանը ընդունեց Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու եպիսկոպոս Մալխազ Սոնղուլաշվիլին, որտեղ կողմերը քննարկեցին եզդիական-քրիստոնեական հարաբերությունները և եզդիների վիճակը Իրաքում:
|