2018 թվականի հունիսի 8-ին, Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը (TDI) , Թբիլիսիում ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնում կազմակերպեց ցուցահանդես և բանավեճ «Խորհրդային հակակրոնական քաղաքականությունը» թեմայով: Միջոցառմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ առաջնորդի օգնական բարեխնամ Գևորգ սարկավագ Անտոնյանի և թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի ընկերակցությամբ: Ցուցահանդեսին ներկայացվել էին կոմունիստական կառավարության կողմից խլված այն սինագոգների, մզկիթների, կաթոլիկական, հայկական եւ լութերական տաճարների հին եւ նոր լուսանկարները, որոնք մինչև այժմ չեն վերադարձվել իրենց պատմական սեփականատերերին: Ներկայացված 28 աղոթատեղիներից ամենաշատը հայկական առաքելական եկեղեցիներն էին, որոնք գտնվում են Թբիլիսիում և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Ցուցանմուշների շրջանում էին նաև յոթ աղոթատեղի կաթոլիկական եկեղեցուց, վեցը՝ ավետարանական-լութերական եկեղեցուց, չորսը՝ մահմեդական, երեքը՝ հրեական։ Բանավեճին մասնակցեցին պրոֆեսոր Նուգզար Պապուաշվիլին, Աստվածաբան Բեքա Մինդիաշվիլին և հետազոտող Կոտե Չաչիբաիան: Բանախոսները խոսեցին խորհրդային իշխանության կողմից կրոնական համայնքներին հետապնդելու, հակակրոնական քաղաքականության և դրա արդյունքների մասին: Ինչպես նշեցին կազմակերպիչները՝ ցուցահանդեսի նպատակն է ռեստիտուցիայի՝ ունեցվածքը վերադարձնելու հարցի բարձրացումը: Բանավեճին ելույթ ունեցավ Վիրահայոց թեմի առաջնորդը: Վերջինս բարձրացրեց Վիրահայոց թեմին հուզող այն եկեղեցիների հարցը, որոնք Վրաստանի անկախություն ձեռք բերելուց հետո շարունակում են մնալ անորոշ վիճակում, քանզի պետությունը գործնական քայլեր չի կատարում և ոչ էլ ցանկություն է դրսևորում կրոնական սեփականությունը իրենց պատմական սեփականատերերին վերադարձնելու ուղղությամբ: Անորոշ վիճակում հայտնված եկեղեցիների իրավիճակը օրեցօր վատանում է, դրանք լքված են, փլուզվում են և վերածվում ավերակների և դրանց մի մասի համար պատասխանատվությունը ոչ մեկը չի կրում, իսկ որոշների նկատմամբ պահանջ են ներկայացնում կրոնական այլ եկեղեցիներ,- իր ելույթում կարևորեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը Վրաստանի իշխանություններից պահանջում է Թեմին վերադարձնել Թբիլիսիում 7 և Ախալցիխեում մեկ եկեղեցի: Դրանք են. Նորաշենի Սուրբ Աստվածածին, Երևանցոց Սուրբ Մինաս, Մուղնու Սուրբ Գևորգ (Մուղնու Մեծ), Շամխորեցոնց Կարմիր Ավետարան, Սուրբ Նշան (Սուրբ Նիկողայոս), Թանդոյանց Սուրբ Աստվածածին, Հարանց վանք (Փաշավանք, Վանքի Մայր Տաճար) և Ախալցիխեի Սբ Նշան (Ս.Վարդանանց) եկեղեցիները:
|