2018 թվականի հունիսի 3-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Տոնի առիթով Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Վիրահայությունը առանձնակի սիրով և հավատքով է կապված Սուրբ Էջմիածնի տաճարի հետ: Վկայությունը նույնանուն եկեղեցու գոյությունը Թբիլիսիի Հավլաբար թաղամասում:Վաղ առավոտից թբիլիսահայ հավատացյալները շտապում էին եկեղեցի՝ մասնակցելու տոնական Սուրբ Պատարագին: Հավատացյալներով լեցուն էր Սուրբ Էջմիածին եկեղեցին: Թբիլիսահայ հավատացյալներին միացել էին ուխտավորներ ինչպես Վրաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ Հայաստանից: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Պատարագին ներկա էին Երևանի Սբ. Աննա եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը, Ախալցիխեից ժամանած ուխտավորները տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի գլխավորությամբ: Հընթացս Սուրբ Պատարագի Տեր Վազգեն եպիսկոպոսը հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական օրհնությունը և բարեմաղթությունը տոնի առիթով: Սրբազան Հայրն իր քարոզը սկսեց անդրադարձ կատարելով օրվա խորհրդին, երբ բոլորը միասնաբար նշում են համայն հայության հոգևոր կենտրոնի հաստատման տոնը: Պատարագիչ Սրբազանը քարոզի բնաբան դարձնելով «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը» հիշատակեց Հայոց Մեծ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի երազ-տեսիլքի և Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տաճարի կառուցման պատմությունը: Ընդգծեց, որ հավատավոր հայ ժողովուրդը ուխտի ճանապարհով Մայր հայրենիքից և Սփյուռքից գնում է ստանալու Էջմիածնի ոգեղեն լույսը: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նյութեղեն տաճարը վկայությունն է համայն հայության հոգևոր հավատքի, Սուրբ Էջմիածինը դա առաքելություն է, և հավատավոր հայ ժողովուրդը Մայր հայրենիքում և Սփյուռքում շնորհիվ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պահպանում, հարստացնում, սերնդեսերունդ է փոխանցում եկեղեցու խորհուրդները և ծեսերը, ժողովրդական ավանդույթները և մշակութային արժեքները: Իսկ դա մեր ինքնության, մեր Սուրբ հավատքի, մեր պետականության ու մեր ոսկեղենիկ լեզվի հարատևության գրավականն է – կարևորեց իր պատգամում Թեմակալ առաջնորդը, հորդորելով հավատացյալներին համախմբված լինել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի շուրջը, Ամենազոր Աստծուց խաղաղություն և ապահովություն հայցեց Հայաստանի, Սուրբ Էջմիածնի, Արցախի ու Վրաստանի համար: Հավարտ Սուրբ Պատարագի առաջնորդ Սրբազան Հոր հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայրապետական մաղթանք: Հավատավոր ժողովուրդը և քահանայից դասը աղոթեց Սուրբ Էջմիածնի անսասանության և Նորին Սրբություն Ամենայն Հայոց կաթողիկոսի քաջառողջության և արևշատության համար: Սուրբ Պատարագի ավարտին Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանի նախաձեռնությամբ և թբիլիսահայ արժանավոր հայորդիների աջակցությամբ կազմակերպվեց մատաղով ներկաների հյուրասիրություն: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի Ծիսական բառարանի՝ «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր Տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար:
|