Լուրեր
|
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, 2018 թվականի մայիսի 31-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և պատվիրակության անդամների հետ այցելեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոն: Հյուրերին դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հոգևոր դասի և Թեմի պաշտոնեության հետ: Մայր հայրենիքի բարձրաստիճան պաշտոնյաները շրջայց կատարեցին կենտրոնում, դիտեցին սրահները, Հովհաննես Թումանյանի նորովի ձևավորված աշխատասենյակը: «Հովհաննես Թումյանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը ներկայացրեց Ամենայն Հայոց բանաստեղծի նախկին բնակարանում գործող կենտրոնի գործունեությունը, որի առաքելությունը թումանյանական մթնոլորտի պահպանումն է, հայ-վրացական բարեկամական կապերի զարգացումը և խորացումը, ինչը արտահայտվում է իրականացվող հանդիպումների, շնորհանդեսների, բանավեճերի, տիկնիկային թատրոնի ներկայացումների միջոցով: Այնուհետև հյուրերը դիտեցին Թումանյանի տանը գործող տիկնիկային թատրոնի ղեկավար, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի բեմադրությամբ Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» ներկայացումը: Վիրահայոց թեմի առաջնորդը ՀՀ վարչապետին և պատվիրակության անդամներին հրավիրեց թեյի, որը եղել է Թումանյանի տան գեղեցիկ ավանդույթը: Այդ նորացված ավանդույթն անցավ ջերմ մթնոլորտում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պատվիրակության անդամները պաշտոնական այցի շրջանակներում ուղևորվեցին Ջավախք, որտեղ հանդիպումներ են կայանալու Ծալկայի շրջանի Այազմա, Նարդևան, Նինոծմինդայի շրջանի Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդայի մշակույթի պալատի և Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցիների հարակից տարածքներում:
|