Լուրեր
|
Քրիստոսի Համբարձման տոնը շարժական է և նշվում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունից 40 օր հետո: Քրիստոսի համբարձմամբ բացվեց դեպի երկինք տանող ճանապարհը։ Համբարձումը բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է:Համբարձման տոնին ժողովուրդը երգ-պարով, ուրախություներով դուրս է գալիս դաշտերը, փառք տալիս Ամենազոր Արարարչին՝ Հիսուս Քրիստոսի փրկության համար: 2018 թվականին տոնը նշվեց մայիսի 10-ին: Այս տարի ևս, ավանդության համաձայն, Համբարձման տոնը մեծ շուքով նշվեց Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում: Տոնի մեկնարկը տրվեց Վիրահայոց թեմի Գումբուրդոյի Սուրբ Խաչ եկեղեցում։ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը մատուցեց Համբարձման Սուրբ և Անմահ Պատարագ։ Հընթացս Սուրբ Պատարագի՝ Արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց հավատացյալներին տոնի կապակցությամբ: Եկեղեցում հավաքված բազմաթիվ գումբուրդոցիներին Ախալքալաքից միացել էին Սուրբ Խաչ եկեղեցու ուխտավորնորն ու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Ջավախքի ձայներ» երգչախմբի սաները։ Հավարտ Սուրբ Պատարագի՝ Գումբուրդոյի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցավ ժողովրդական հանդիսություն՝ Ջանգյուլումի արարողություն և Համբարձման ավանդական կերակրատեսակի՝ հարիսայի հյուրասիրություն՝ եկեղեցու խաչի քավոր Վալերի Սահարյանի ընտանիքի կողմից: Տոնական ուրախ տրամադրությունը համակել էր գոմբուրդոցիներին՝ մեծից-փոքր:
|