Լուրեր
|
2018 թվականի մայիսի 1-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում„ դատավոր Նանա Դարասելիայի նախագահությամբ, Վիրահայոց թեմի կողմից Հանրային Ռեեստրի ազգային գործակալության դեմ ընթացող վեճի շրջանակներում տեղի ունեցավ հետաձգված դատական նիստը: Դատական նիստին ներկայացել էին ինչպես հայցվոր կողմը՝ այս պարագայում Վիրահայոց թեմը՝ ի դեմս առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Հանրային Ռեեստրի ազգային գործակալությունից լիազորված անձինք։ Որպես երրորդ կողմ ներկայացել էր Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանը։ Գործի Վարչական իրավական վարույթին, որպես երրորդ կողմ ընդգրկվել է նաև էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալությունը, որը Թանդոյանց եկեղեցին և դրան կցված հողակալվածքը, առանց որևէ հիմնավորման, պետության հաշվեկշից օտարել է`այդպիսով հեշտացնելով հայոց եկեղեցին Պատրիարքարանի հաշվեկշռին փոխանցելու գործը: Վիրահայոց թեմի կողմից բողոքարկվող և Գործի վարույթին ընդգրկված այս վերջին հանգամանքը դատարանի որոշմամբ դիտարկվում է որպես առանձին հարց, որի քննարկումը նշանակված է ս.թ.մայիսի 2-ին: Վիրահայոց թեմի շահերը պաշտպանող EMC-ի և TDI-ի իրավաբանները հանդես եկան միջնորդությամբ՝ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին պետական-հաշվեկշռից օտարելու հարցով էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության նկատմամբ բողոքը դատական վարույթի մեջ ընդգրկելու և որպես մեկ ամբողջական Գործի մաս քննարկելու մասին: Դատավոր Դարասելիան ընդունեց միջնորդությունը և սույն հարցով մայիսի 2-ին կայանալիք դատական նիստի որոշմանը և ամբողջական Գործի նյութերին ծանոթանալու նպատակով առաջարկեց դատական նիստը հետաձգել: Կողմերի համաձայնությամբ դատական հաջորդ նիստը նշանակվեց 2018 թվականի հունիսի 7-ին, ժամը 12:30-ին:
|