Լուրեր
|
2018 թվականի ապրիլի 21-ին Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում բացվեց Գրիգոր Մկրտչյանի նկարների առաջին անհատական ցուցահանդեսը: Մշակութային միջոցառումն իրականացավ Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին արվեստագետներ, նկարիչներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Ցուցահանդեսը ողջույնի խոսքով բացեց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Երիտասարդ շնորհաշատ նկարիչ Գրիգոր Մկրտչյանն իր աշխատանքները ստորագրում է Greg Megerdich անունով: Նկարչությունը Գրիգորի հիմնական աշխատանքը չէ, այլ սիրելի զբաղմունքն է, որին նա տրամադրում է իր ազատ ժամանակի մեծ մասը: Բնանկարների ու նատյուրմորտների հետ մեկտեղ շատ է սիրում դիմանկարներ ստեղծել,որտեղ գույների միջոցով արտացոլում է կերպարի ներաշխարհը, հույզերը, նաև տրամադրությունն ու ապրումները: Ու թեև Գրիգորը չունի գեղարվեստական կրթություն, սակայն նրա աշխատանքներն աչքի են ընկնում տեխնիկական բարձր մակարդակով, վառ, հյութեղ գույներով և իրատեսական կերպարներով: Երիտասարդ շնորհաշատ նկարչի կտավների մասին կարծիքներ արտահայտեցին և իրենց գնահատականը ասացին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, նկարիչներ Ակակի Ձնելաձեն, Լադո Շարաշիձեն և ուրիշներ:
|