Լուրեր
|
2018 թվականի ապրիլի 24-ին, Հայոց Մեծ Եղեռնի 103-րդ տարելիցին Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, հանդիսապետությամբ՝ Ախալցիխեի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի։ Հավարտ Սուրբ պատարագի Ախալցիխեի և հարակից շրջանների հայորդիները ուղեկցությամբ Հոգևոր Հայրերի քայլերով ուղղվեցին Եղեռնի Սուրբ Նահատակների հիշատակին կանգնեցված Խաչքար։ Հոգևոր Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և Ախալցիխեի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը կատարեցին Հայոց Մեծ Եղեռնի Սուրբ Նահատակների Ոգեկոչման կարգ։ Իրենց ելույթներով հանդես եկան Ախալցիխեի մտավորականները, Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 դպրոցի աշակերտները և Երիտասարդական կրթամշակույթային կենտրոնի սաները՝ հերթական անգամ հանրությանը հիշեցնելով Հայ Ազգի հանդեպ օսմանյան թուրքերի կողմից իրականացված Ցեղասպանությունը։ Խաչքարի մոտ իր խոսքը ասեց նաեւ խորհրդարանում Ախալցիխեի շրջանից ընտրված մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն, ով դատապարտեց հայերի հանդեպ կատարված Ցեղասպանությունը եւ քաղաքապետ Զազա Մելիքիձեի հետ ծաղկեփունջ դրեց խաչքար հուշակոթողի մոտ:
|