2018 թվականի ապրիլի 17-ին, թբիլիսահայ ստեղծագործական միտքը և գրականասեր հասարակությունը հավաքվել էր Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում, որտեղ կայացավ ճանաչված, բայց իր պոեզիայով ամեն անգամ նորովի բացահայտված բանաստեղծուհի Սուսաննա Ավետիսյանի «Թռչող ջութակ» ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին գրողներ, բանաստեղծներ, թարգմանիչներ, հյուրեր: Միջոցառումը բացեց և ներկաներին ողջունեց կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը և խոսքը փոխանցեց Արտեմ Կիրակոզովին: Լենինականում ծնված և Թբիլիսիում ապրող Սուսաննա Ավետիսյանը նոր անուն չէ վիրահայ գրականասեր հանրության համար: Նրա պոեզիան միշտ էլ ընկալվել և ընդունվել է ընթերցողների կողմից: Պահպանելով համեստության սահմանագիծը, բանաստեղծուհին պարբերաբար է ներկայացել ընթերցողին արժանանալով նրա բարձր գնահատականին և սիրուն: Սուսաննա Ավետիսյանի նոր ժողովածուում զետեղված բանաստեղծությունների ոգու, շոշափած թեմաների, քնարական, խոհական և փիլիսոփայական արժեքների մասին հանգամանալից խոսեց պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու Էմմա Ախտյանը: Սուսաննա Ավետիսյանի պոեզիան կլանող է, ընթերցողին իր գիրկն առնող և իր հետ տանող: Հիրավի այն իր կենսաթրթիռներով և ներաշխարհի արտահայտչականությամբ նույնականանում է ընթերցողի հույզերին, ապրումներին, սակայն պահպանելով ապագայի լույսը, լավատեսությունը և կյանքի գեղեցկությունը: Այս ամենի դրսևորումը դարձավ թիվ 104 դպրոցի գրադարանավարուհի Հասմիկ Անտոնյանի նախաձեռնությամբ կազմած կոմպոզիցիան, որն այնպես արտահայտչականորեն ներկայացրեցին դպրոցի ընթերցասեր և գրականասեր աշակերտները: Թերթելով «Թռչող ջութակ» ժողովածուն, խորանում ես յուրաքանչյուր տողի, արտահայտության մեջ, ապրում տառապանքի գեղեցկությամբ, ռոմանտիկ պատկերներով և կյանքի դրամայով, որ այնուհետև բանաստեղծուհու կուռ լեզվամտածողությամբ և գեղեցիկ նկարագրությամբ տանում է դեպի նոր էջեր, որտեղ ընթերցողը տեսնում է իրեն, իր կյանքի անցած ճանապարհը, իր կորցրած սերը, նաև լավատեսությունը կյանքի ամեն օրվա հետ, որ զարթոնք է, գարուն է, նաև վերապրում է և ծնունդ: Հավատարիմ մնալով իր նախորդ՝«Պեղումների լույսը», «Անհունից անհուն» ժողովածուներում զետեղված ստեղծագործությունների ոգուն, Սուսաննա Ավետիսյանը շարունակում է խորհրդանշանների միջոցով արտահայտել ներաշխարհը, կյանքի դրաման, որը նաև տեխնիկական կրթությամբ բանաստեղծուհու հիշողությունների և իրականության միջև պայքարելու գրելաոճն է: Բանաստեղծուհու պոեզիայից կատարած իրենց թարգմանությունները ընթեցեցին բանաստեղծ-թարգմանիչ Վլադիմիր Սարիշվիլին և լրագրող Արտեմ Կիրակոզովը: Բանաստեղծուհու նոր ժողովածուից նմուշներ ընթերցեցին դերասանուհի Մելանիա Բարսեղյանը և բանաստեղծուհի Լուսինե Վանոյանը: Գնահատանքի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը և Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը: Բանախոսները բարձր գնահատեցին նման շնորհանդեսները և հորդորեցին այսպիսի միջոցառումներով նորանոր ստեղծագործողների ճանաչելի դարձնել թբիլիսահայ գրականասեր հասարակությանը: Վերջում շնորհակալության իր խոսքում բանաստեղծուհի Սուսաննա Ավետիսյանը իր խոնարհումը բերեց Վիրահայոց թեմին և բոլոր կազմակերպիչներին իր նոր ժողովածուհի շնորհանդեսը այսպես գեղեցիկ կազմակերպելու համար և հայտարարեց, որ տպագրության է պատրաստում հաջորդ ժողովածուն: Երեկոյին քնարական շունչ հաղորդեցին շնորհաշատ ջութակահարուհի, Գյումրիի երաժշտական մրցույթի մրցանակակիր Մարիաննա Կիրակոզովայի գեղեցիկ կատարումները:
|