Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան բնակարանը տարիներ շարունակ եղել է թբիլիսահայ մտավորականության իսկական հավաքատեղին: Այստեղ գրեթե ամեն օր թեյի սեղանի շուրջ հավաքվում էին մտավորականության ներկայացուցիչները, ազգի երևելիները՝ և թեյի բաժակի շուրջ քննարկում տարբեր հարցեր՝ կապված գրականության, մշակույթի, համայնքային կյանքի խնդիրների հետ, զրուցում և իրենց վերաբերմունքն ու գնահատականը արտահայտում ժամանակի դեպքերին և իրադարձություններին: Թեյի սեղանի շուրջ հավաքվելը եղել է Թումանյանի ընտանիքի ընդունված և սիրված ավադույթներից մեկը: Այդ ավադույթը Ամենայն հայոց բանաստեղծի մահից 95 տարի անց վերստին նորացավ մեր օրերին, արդեն վերականգնված, գեղեցկացած Ամաղլեբա փողոցի թիվ 18-ում փառավոր բազմած «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում: Ընդամենը մի քանի օր առաջ ավարտվեց ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ՝ տիկին Ռիտա Սարգսյանի բարերարությամբ Թումանյանի նախկին բնակարանը իր ժամանակի ոգով կահավորելու գործընթացը: Բնակարանը հագեցավ Ամենայն հայոց բանաստեղծի ապրած տարիների շնչով, որ ստեղծեցին ժամանակաշրջանին հարիր վերանորոգությունը, կահավորումը, իրերն ու առարկաները և մթնոլորտը: Թումանյանական տան հյուրասեր շունչը նպաստեց նաև բնակարանում թեյախմության ավանդույթը վերականգնելու գաղափարի իրականացմանը: 2018 թվականի ապրիլի 15-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, թեմի պաշտոնեության մասնակցությամբ տեղի ունեցավ թեյի սեղանի շուրջ առաջին հավաքը Հովհաննես Թումանյանի տանը: Հիրավի արքայական ինքնաեռով և թանկագին սպասքով, տարբեր թխվածքեղենով և քաղցրեղենով զարդարված ու թբիլիսյան կենցաղին համահունչ ավանդական թեյի սեղանի շուրջ տեղեր էին զբաղեցրել Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, լրատվական բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը, երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը, ֆինանսական բաժնի տնօրեն Մարգարիտա Կիրակոսյանը, վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը, «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, տիկնիկային թատրոնի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը, օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովը, երիտասարդական ծրագրերի համակարգող Նինա Սերոպովան, դերասան Աշոտ Սիմոնյանը, «Հայարտան» կամավորական Մարինա Սումախյանը: Թեյի սեղանն օրհնեց Հովհաննես Թումանյանի տան հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Թեմակալ առաջնորդի խոսքը դարձավ այն երախտագիտության արտահայտությունը, որ վիրահայ համայնքը ուղղում է արժանավոր հայորդիների և առաջին տիկնոջ բարերարությամբ Մեծ բանաստեղծի նախկին բնակարանն իր կոչմանը համապատասխան թբիլիսահայությանը վերադարձնելու համար: Սրբազան հոր օրհնության և բարեմաղթանքից հետո ծայր առավ ներկաների ուրախ և անբռնազբոս զրույցը, որը համեմված էր Թումանյանի կյանքից գեղեցիկ հուշերով, հումորախառն պատմություններով, Թումանյանի տան հետ կապված սովորություններով, ժամանակաշրջանի պատմական իրադարձություններով: Ներկաները շնորհավորեցին նաև Գիսանե Հովսեփյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ասում են սեղանը մտերմացնում է, նաև ասում են՝ հարցերը ճիշտ լուծում են գտնում մտերմիկ սեղանի շուրջ: Այդպիսի ջերմ ու մտերմիկ հանդիպումների, համայնքային կյանքը գեղեցկացնելու, այն ճիշտ ուղղորդելու նպատակով որոշվեց վերականգնել թեյախմության ավանդույթը «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում, որը նաև կդառնա վիրահայ համայնքի միասնության ամրապնդման, հետևողական գործունեության, դրական առաջընթացի գրավական:
|