2018 թվականի ապրիլի 14-ին hայկական ժողովրդական, ազգագրական և հայրենասիրական երգի, պարի ու նվագի իսկական տոն էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: «Երգում է Հենրիխ Պետրոսյանը» խորագրով համերգի ծրագրին, բացի մենակատարից ընդգրկվել էին նաև թբիլիսահայ համայնքի երգարվեստի տարբեր կատարողներ՝ ունկնդրին հայերենաշունչ գեղեցիկ երեկո պարգևելու նպատակով: Ահա այսպես կարելի է մեկնաբանել Հենրիխ Պետրոսյանի հիրավի տոնական մենահամերգը: Դահլիճում հավաքվել էին և՝ Հենրիխ Պետրոսյանի երգի սիրահարները, և «Անի» պարային համույթի ելույթերը գնահատողները, և դհոլի ու դուդուկի մեղեդիների ունկնդիրները, և Աննա Բադալյանի ու Նինա Կարապետյանի երկրպագուները: Համերգը ողջույնի խոսքով բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը:Անդրադարձ կատարելով հայի ինքնության պահպանության գործում մշակույթի ունեցած դերին և բարձր գնահատելով դերասան, մենակատար և հայ համայնքի ակտիվ անդամ Հենրիխ Պետրոսյանի ազգանվեր գործունեությունը, բանախոսը նաև հորդորեց ներկաներին ապրիլի 23-24-ին միասնաբար մասնակցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Առանձնահատուկ էր համերգի ծրագիրը, այն ներառում էր Հենրիխ Պետրոսյանի կատարմամբ տարբեր հեղինակների այն հայրենաշունչ երգերը, որ արտիստական մեծ շնորհով, նորանոր հղկումներով ներկայացնում է մենակատարը: Հայկական ոգեշունչ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը և Մայր հայրենիքին նվիրված տեսանյութը անմիջապես ստեղծեցին ազգասիրությամբ և հայրենասիրությամբ տոգորված մթնոլորտ, որը պետք է հագենար ժողովրդական, քնարական, աշուղական և մարտական երգերով, պարերով ու մեղեդիներով: Համերգի վարողներ Գլորիա Գևորգյանի և Արամ Մելիքյանի գեղեցիկ ներկայացմամբ միմյանց հաջորդեցին Հենրիխ Պետրոսյանի կատարմամբ մեկ տասնյակից ավելի երգերը, նաև Նինա Կարապետյանի և Աննա Բադալյանի կատարմամբ ազգային և գուսանական տաղերը, Ռոբերտ Կաշավանիձեի և Իվանե Մկրտչյանի ղեկավարությամբ դհոլի և դուդուկի հոգեհմա նվագը, Անգելինա Նազարյանի վարպետ ուսուցմամբ «Անի» պարային համույթի շնորհաշատ պարը, «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» ճանաչված երգչախմբի խմբական և առանձին կատարումները խմբավար Մարի Աբուլյանի ղեկավարությամբ: Մենահամերգը ուրախ տրամադրություն և ազգային մեծ ոգևորություն առաջացնելով հանդիսատեսի մոտ, ավարտվեց Էրեբունի-Երևան հայրենասիրական երգի խմբային կատարմամբ:
|