Լուրեր
|
Սուրբ Ասվածածնի Ավետման տոնը Վիրահայոց թեմում նշվեց առանձնահատուկ բերկրանքով: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության հրավերով և Սիրիահայերի միության տիկնանց խմբի նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հյուրընկալվեցին Երևանից ժամանած 5 տասնյակից ավելի սիրիահայեր: Հյուրերը որ ժամանել էին նախորդ օրը, 2018 թվականի ապրիլի 7-ի առավոտյան, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցեցին տոնի առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին, որից հետո տեղափոխվեցին «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահ: Հյուրերի ժամանումը բարի գալուստի ջերմ խոսքերով ողջունեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, շնորհավորեց նրանց Ավետման տոնի առիթով, և կենտրոնի ու սիրիահայերի միության համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Այնուհետև Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդարանին և թեմակալ առաջնորդին, «Հայարտուն» կենտրոնին սույն նախագծի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, փոխանցեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Արժանապատիվ հոգևոր հայրը արժևորեց սիրիահայերի տոկունությունը, աշխատասիրությունը և հավատքին ու ազգին նվիրվածությունը: Միջոցառմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը: Վերջինս սիրիահայ տիկնանց փոխանցեց արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի շնորհավորանքները և գործընկերությունը շարունակելու և համագործակցությանը աջակցելու առաջարկություն արեց: Դահլիճում ներկա բազում արաբ փաստականների և Վրաստանի փախստական կանանց աջակցության ասոցիացիայի անունից սիրիահայ տիկնանց ողջունեց կազմակերպության նախագահ Մակա Չիչուան, բարձրաձայնելով կազմակերպության կողմից նախանշված արաբ փախստական կանանց այցը Հայաստանի Հանրապետություն: Հյուրերի օրը հիրավի տոնական դարձրին և իրենց շնորհավորանքները երգի ու նվագի միջոցով հղեցին «Հայարտուն» կենտրոնի դհոլի և դուդուկի խմբերի (ղեկավարներ՝ Ռոբերտ Կաշավանիձեն և Իվանե Մկրտչյան) սրտառուչ նվագը և մենակատարներ Նինա Կարապետյանի, Աննա Բադալյանի և Հենրիխ Պետրոսյանի հոգեհմա երգը: Սիրիահայերի միության տիկնանց խմբի ղեկավար և սույն միջոցառման կազմակերպիչ Վանի Նալբանդյանը գնահատանքի խոսքեր ուղղեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությանը համագործակցության համար և հանձնեց շնորհակալագիր: Ընդամենը մի քանի ամիս առաջ ծայր առած գործընկերության շրջանակներում «Հայարտուն» կենտրոնում կազմակերպվեց սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Օրվա ընթացքում չէր դադարում մարդկանց այցը կենտրոն, որտեղ այցելուները հիացմունքով ծանոթացան և սիրով ձեռք բերեցին սիրիահայերի շնորհաշատ ձեռքով կատարված տարբեր աշխատանքներ, որոնք դարձան նաև այս գեղեցիկ օրվա անմոռանալի հուշ: Մինչև երեկո շարունակվեց ցուցահանդեսը-վաճառրը, որն ավարտվեց առաջնորդարանի կողմից հյուրասիրությամբ: Սուրբ Ավետման տոնին նվիրված գողտրիկ միջոցառում էր պատրաստվել նաև Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Մայրաքաղաքի թիվ 103-վրաց-հայկական հանրային դպրոցի հայկական բաժնի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Մխիթարյանի նախաձեռնությամբ, դպրոցի տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցավ գրական-երաժշտական միջոցառում՝ նվիրված մորը և մայրական սիրուն: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը դպրոցականներին և եկեղեցում հավաքված ծնողներին ու հյուրերին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը և շնորհավորանքը տոնի առիթով: Հոգևոր հայրը գնահատանքի խոսք ասաց ուսուցչուհուն և դպրոցականներին տոնական միջոցառումը մակարդակով կազմակերպելու և գեղեցիկ ներկայացնելու համար: Դպրոցականները ծաղիկներ նվիրեցին ներկա գտնվող կանանց:
|