Լուրեր
|
2018 թվականի ապրիլի մեկին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Եկեղեցին լեփ-լեցուն էր հավատացյալներով: Մարդիկ գալիս էին տոնական տրամադրությամբ, զատկական բարիքներով գեղեցիկ ձևավորված զամբյուղներով : Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ Գումբալյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության կրթության և գիտության նախարար Ինգա Շամիլաշվիլին, Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, համայնքային գործիչներ, հյուրեր: Հավարտ Սուրբ Պատարագի հյուրերը տեղափոխվեցին Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոն, որտեղ նրանց դիմավորեց տնօրեն՝ Սոնա Հովհաննիսյանը: Կենտրոնի «Սբ.Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի երեք դասարանները, ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանի գլխավորությամբ կազմակերպել էին զատկական տոնախմբություն, զատկական բարիքներով զարդարված սեղանը, գեղարվեստական խմբերի ելույթները օրը Բաթումում դարձրին ուրախ և տոնական: Թեթրիծղարոյի և Բոլնիսի շրջանների հայկական համայնքների հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի օրը այցելություններ կատարեց իր հովվությունում գտնվող հայկական գյուղեր: Առավոտյան ուղևորվելով Թեթրիծղարոյի շրջանի Դաղեթ-խաչեն գյուղ, Տեր Հուսիկ քահանան տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարեց առավոտյան ժամերգություն, շնորհավորեց տեղացիներին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ և օրհնեց հավկիթները: Այդ օրը արժանապատիվ քահանան այցելեց նաև Սամշվիլդե գյուղի Սուրբ Փրկիչ և Շահումյան ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Հավատացյալներին շնորհավորելով Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ, Տեր Հայրը երկու գյուղերի եկեղեցիներում կազմակերպեց մկրտություն, սուրբ մյուռոնով օծվեցին գյուղի տարբեր տարիքի բնակիչներ: Տեր Հուսիկ քահանա Հարությունյանն օրն ավարտեց Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում, որտեղ կատարեց երեկոյան ժամերգություն և շնորհավորեց տեղացիներին: Զատկական տոնը հանդիսավորապես և տոնական տրամադրությամբ նշվեց նաև Ռուսթավի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթամշակութային կենտրոնում: Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետներ: Միջոցառմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ռուսթավի քաղաքի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը ողջունելով ներկաներին, ներկայացրեց կենտրոնի գործունեությունը և շնորհավորեց զատկական տոնի կապակցությամբ: Այնուհետև կենտրոնի սաների ուժերով ներկայացվեց զատկական տոնին նվիրված միջոցառում: Վիրահայոց թեմի հայաբնակ բոլոր վայրերում Փրկչի հրաշափառ հարության տոնը նշվեց գեղեցիկ տոնակատարություններով և բնակչության բարձր տրամադրությամբ:
|