Լուրեր
|
Սուրբ Զատիկը քրիստոնեական աշխարհի սպասված և սիրված տոներից մեկն է: Հավատացյալները այն տոնում են կրոնական ծիսակատարություններով և ժողովրդական ավանդույթներով: Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կրթա-մշակութային կենտրոնի սաները ուսուցիչների գլխավորությամբ անձամբ ներկեցին, նկարազարդեցին զատկական հավկիթները, պատրաստվեցին Սուրբ Հարության տոնը առանձնահատուկ նշելուն: 2018 թվականի ապրիլի 1-ին, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում, տեղական իշխանության ղեկավարների մասնակցությամբ, կենտրոնի սաների և ուսուցիչների ներկայությամբ և հավատացյալների հոծ բազմությամբ տեղի ունեցավ Սրբալույս Պատարագ, որը մատուցեց շրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ քահանան ընթերցեց Հայոց հովվապետի զատկական պատգամը, այնուհետև հավուր պատշաճի քարոզ խոսեց Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի մասին, շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ և օրհնեց կարմիր ներկած ու նախշազարդ հավկիթները, որոնք Ռաֆայել Ջավախ կենտրոնի սաները բաժանեցին ներկաներին: Եկեղեցում ծովացած մարդկանց դեմքերին Փրկչի Հարության խանդավառ Լույսն էր, որ ճառագում էր՝ չարի նկատմամբ բարու, մահվան նկատմամբ կյանքի հաղթանակի բերկրանքից: Հավատացյալները ողջունում էին իրար Հարության անմահ Ավետիսով. «Քրիստոս հարեավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախմբի հուզառատ երգեցողությունը թափանցում էր մարդկանց հոգիները՝ որպես առհավատչյա քրիստոնեական հավատքի հավերժության և անմահության գեղեցիկ վկայություն: Այնուհետև եկեղեցու խաչի քավորի կողմից ժողովրդին բաժանվեց օրհնված մատաղ: Զատկական տոնի ժողովրդականության դրսևորում դարձավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի նախաձեռնությամբ Սաթխա գյուղում կազմակերպված տոնախմբությունը, որին մասնակցեցին Թբիլիսիից ժամանած պաշտոնյաներ, տարածաշրջանի տարբեր շրջանների ղեկավար դեմքեր և հարյուրավոր հավատացյալներ: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ տեղի Ներսես Մեծ եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությունից հետո Թեմակալ առաջնորդը օրհնեց տոնական սեղանը և ներկաներին շնորհավորեց Զատկական տոնի կապակցությամբ: Տոնահանդեսը շարունակվեց մինչև ուշ երեկո:
|