2018 թվականի ապրիլի 1-ին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը տոնը առանձնահատուկ շքեղությամբ նշվեց Վիրահայոց թեմի Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի և հարակից գյուղերի եկեղեցիներում: Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, ձեռամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, տեղի ունեցավ Սուրբ Հարության Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագին ներկա էին Վրաստանի ռեինտեգրացիայի փոխնախարար Լաշա Դարսալիան, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մարանգոզյանը, Ռեինտեգրացիայի նախարարության Ախալքալաքի ներկայացուցիչ Արտյուշ Մելքոնյանը, բազմաթիվ հավատացյալներ, ովքեր եկել էին հաղորդակից լինելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության Ավետիսին։ Հընթացս Սուրբ Պատարագի՝ Տեր Տաթև քահանայի կողմից ընթերցվեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ, այնուհետև հավուր պատշաճի քարոզ խոսեց ու Սուրբ Հարության Ավետիսը փոխանցեց եկեղեցում հավաքված հավատացյալներին: Հավարտ Սուրբ Պատարագի՝ խոսքով հանդես եկավ փոխնախարար Լաշա Դարսալիան։ Նա շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ: Ապա եկեղեցու բակում՝ զատկական սեղանի շուրջ օրհնվեցին Զատիկի խորհրդանիշ կարմիր ներկած հավկիթները և բաժանվեցին հավատացյալներին: Ընդհանուր առաջնորդական փոխանորդության Արագովայի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետի պատգամը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ։ Հավարտ Սուրբ Պատարագի՝ օրհնվեցին զատկական հավկիթները և բաժանվեցին հավատացյալներին։ Ապա Արժանապատիվ Տեր Հայրը դրամական օգնություն բաժանեց բազմազավակ ընտանիքներին, իսկ Արագովայի Սուրբ Գևորգ եկեղեցու Շուշանիկ եկեղեցասեր տիկնանց միությունը սննդի փաթեթներ փոխանցեց Մոլիթ, Չիխարոլա, Ազարվեթ, Զակ գյուղերի բազմազավակ ընտանիքներին։ Տոնական Սուրբ Պատարագներով, շնորհավորանքներով և զատկական հավկիթների օրհնությամբ Սուրբ Հարության տոնը նշվեց փոխառաջնորդության Գումբուրդոյի Սբ. խաչ, Վաչիանի «Սբ Սիոն», Խանդոյի Սբ. Խաչ, Սուլդայի Սբ. Խաչ, Աբուլի Սբ. Աստվածածին, Չամդուրայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ալաթումանի Սբ. Երրորդություն, Կարծախի Սբ. Հովհաննես Կարապետ, Դադեշի Սբ. Աստվածածին, Արագովայի Սբ. Գևորգ, Դիլիսկայի Սբ. Սարգիս, Մաջադիայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում:
|