Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում |
Լուրեր |
2018 թվականի ապրիլի մեկին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում նշվեց հավատացյալների հոծ բազմության մասնակցությամբ և Հայոց Եկեղեցու կանոններով և արարողակարգերին համապատասխան: Ինչպես Ճրագալույցի երեկոյան, այնպես էլ Սուրբ Զատկի օրը Թբիլիսիում, Բաթումում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլիի, Ծալկայի և Թեթրիծղարոյի շրջաններում, հավատացյալ բազմության մասնակցությամբ, տեղի ունեցան սրբազան արարողություններ: Հավատացյալներով լեփ-լեցուն էր Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցին, բակը և մերձակա տարածքը: Եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետներ, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, «Վրաստան» թեթրի խմբագիր Վան Բայբուրթյանը, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում հայորդիներ: Հայոց Եկեղեցում Սուրբ Հարության տոնին իր ներկայությունն էր բերել Թբիլիսիի քաղաքապետ Կախի Կալաձեն: Տոնակատարությունը հարգել էին վրացական իշխանությունների ներկայացուցիչները, ի մասնավորի Վրաստանի խորհրդարանի անդամներ Դավիթ Ճիճինաձեն, Ռուսլան Պողոսյանը, Ռոման Կակուլիան, Սերգո Ռատիանին,Գիգա Բոկերիան, Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամ Իլիա Ջիշկարիանին, Իսանի շրջանային վարչության նախագահ Կախա Լաբուչիձեն, Ազգային շարժում կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին: Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Սրբազան Հայրը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի զատկական պատգամը: Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, Թեմակալ առաջնորդը շնորհավորեց հավատացյալներին Սբ. Զատիկի՝ որպես չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակի տոնի կապակցությամբ: Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Թեմակալ առաջնորդը Սուրբ Հարության տոնի առիթով վերստին շնորհավորեց ներկաներին: Վազգեն Սրբազանը շնորհավորանքի խոսքեր ուղղեց նաև Վրաստանի քրիստոնյա ժողովրդին՝ ով այսօր նշում էր Ծաղկազարդի տոնը: Տոնական ընդունելությունից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ուղևորվեց Ջավախք՝ Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղ, որտեղ տեղի արժանավոր հայորդիների կողմից կազմակերպվել էր ճոխ զատկական տոնահանդես: Հիսուս Քրիստոսի Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում:Ամենուրեք հայ հավատացյալներին զատկական տոնի կապակցությամբ շնորհավորելու էին եկել վրաց պաշտոնյաներ, տարբեր ազգի հավատացյալներ: Հայոց Եկեղեցու տոնացույցով նշվող Սուրբ Հարության տոնը լուսաբանվեց վրացական և հայկական զանգվածային լրատվության տարբեր միջոցներով: |