Ծաղկազարդի տոնը Վիրահայոց թեմում |
Լուրեր |
2018 թվականի մարտի 25-ին, Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում տոնի կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Առավոտվանից մարդաշատ էին Թբիլիսիի հայոց եկեղեցիների բակը և շուրջբոլորը: Հավատացյալները բարձր տրամադրությամբ գալիս էին մասնակիցը դառնալու Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի ուրախությանը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, եկեղեցիներում կատարվեց Ծաղկազարդի նախատոնակ, բացվեցին խորանի վարագույրները: Իսկ առավոտյան ժամերգությունից հետո հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:Պատարագին ներկա էին համայնքի պատվավոր այրեր, հասարակական գործիչներ, բազում հավատացյալներ: Սրբազան Հայրը հընթացս Սուրբ Պատարագի հավուր պատշաճի քարոզ խոսեց Ծաղկազարդի խորհրդի ու տոնի հոգևոր պատգամի մասին: Հավատացյալներին հիշեցնելով Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին կրած չարչարանքները, Պատարագիչ Սրբազանը հորդորեց նրանց շարունակել ապրել ծաղկազարդի օրվա տոնական տրամադրությամբ, սիրով, հավատքով ու ջերմությամբ, վանել վախը, միայնակությունը և ապրել Քրիստոսով, քանզի Մեր Փրկիչը ամենուրեք մեր հոգիներում է իր սիրով և զորությամբ: Սրբազանը արժևորեց այն, որ վիրահայ հավատացյալը եկեղեցական տոները նշում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնացույցով, պահպանելով իր ինքնությունը: Եկեղեցու խորանը զարդարված էր ուռենու և արմավենու ոստերով, որոնք խորհրդանշում են տոնի առանձնակի հանդիսավորությունը: Մակար Եկմալյան երգչախմբի երգեցողությամբ, Սրբազան հոր նախագահությամբ և հոգևոր ու դպրաց դասի մասնակցությամբ օրհնվեցին ճյուղերը ու բաժանվեցին ժողովրդին: Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է մանուկների օրհնության օր: Հավարտ Սուրբ Պատարագի եկեղեցիներում քահանա հայրերի կողմից կատարվեց մանուկների օրհնության կարգ: Ծաղկազարդի օրը մարդաշատ էր Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցին: Սուրբ Պատարագին ներկա էին բարձրաստիճան հյուրեր, համայնքային գործիչներ, բազում հավատացյալներ: Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից մատուցված Սուրբ և Անմահ Պատարագից հետո օրհնվեցին Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի սաները և բաթումաբնակ երեխաները: Ծաղկազարդի տոնը Սուրբ Պատարագով և մանուկների օրհնությամբ նշվեց նաև Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ Խաչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում, Ռուսթավի Սուրբ Գրիգոր Նարեկացի կենտրոնում: Թեմի հոգևոր հովիվները այցելեցին Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ծալկայի, Մառնեուլիի, Բոլնիսի, Թեթրիծղարոյի շրջանների հայաբնակ գյուղեր և տեղերում կատարեցին անդաստան, օրհնեցին օրվա խորհրդանիշ ձիթենու և արմավենու ճյուղերը և մանուկներին ու դպրոցականներին: Եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Դռբացեքի կարգ և բացվեցին եկեղեցիների վարագույրները: |