Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի այցը Վիրահայոց թեմ |
Լուրեր |
ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը տիկնոջ և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Օսիպյանի հետ երկօրյա պաշտոնական այցով հյուրընկալվեց Վիրահայոց թեմում: Այցը մեկնարկեց 2018 թվականի փետրվարի 19-ի առավոտյան Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց: Մայր հայրենիքից ժամանած պաշտոնյային և նրա տիկնոջը հանդիպեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը հյուրերին ներկայացրեց թեմի առաջնորդանիստ եկեղեցու պատմությունը, վերանորոգության ընթացքը և անկրկնելի գեղեցկության որմնանկարների հայտնաբերումը գաջի շերտերի տակից: Հինավուրց եկեղեցում մոմեր վարելուց և աղոթք բարձրացնելուց, եկեղեցու բակում ամփոփված Սայաթ-Նովայի և հայ գեներալների շիրիմներին իրենց խոնարհումը բերելուց հետո, թեմակալ առաջնորդի նստավայրում կազմակերպվեց հյուրասիրություն: Կայացած ջերմ զրույցը վերաբերեց տեղի հայ համայնքի հոգևոր և մշակութային կյանքին, բնակչության հայեցի կրթությանը և ազգապահպանության հարցերին: Հանդիպման վերջում տեղի ունեցավ նվերների փոխանակում: Նույն օրը թաղապետ Դավիթ Գրիգորյանը տիկնոջ և պատվիրակության մյուս անդամների հետ, Վազգեն Սրբազանի առաջնորդությամբ այցելեցին Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն և միացան վիրահայ համայնքի անդամներին, ովքեր Մեծ Լոռեցու ծննդյան օրը իրենց սերն ու հարգանքը Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակին արտահայտում են այստեղ ամփոփված նրա տապանաքարին ծաղիկների խոնարհմամբ և հոգեհանգստյան պաշտոնով: Երևան քաղաքի վարչական միավորի ղեկավարը ներկա գտնվեց նաև Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում տիկնիկային թատրոնի հանդիսավոր բացմանը: «Շունն ու կատուն» ներկայացումից հետո պարոն Գրիգորյանը տիկնոջ հետ շրջայց կատարեց կենտրոնում, դիտեց գրադարանը և Թումանյանի տան մյուս սենյակները, ծանոթացավ տունը Վիրահայ համայնքին փոխանցելու պատմությանը: Պաշտոնական այցի երկրորդ օրը Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը այցելեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն: Թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը հյուրերին ծանոթացրեց «Հայարտան» ստեղծման պատմությանը և ծավալած գործունեությանը, այստեղ գործող երգի, պարի, էստրադային համույթների, դհոլի ու դուդուկի և գեղագիտական դաստիարակության խմբակների աշխատանքներին: Հյուրերը եղան նաև «Հայարտուն» կենտրոնում գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը: Սաները հյուրերին դիմավորեցին ՀՀ և Վրաստանի պետական օրհներգների կատարմամբ: Թեմի կրթության բաժնի տնօրեն և նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը խոսեց նախակրթարանի մասին, անդրադարձ կատարեց ստեղծման և զարգացման գործընթացին և ներկայացրեց երեխաների օրվա ժամանակակարգը: Երեխաները հյուրերի պատվին պատրաստել էին մայրենիի միջազգային օրվան նվիրված մոնտաժ, որը ներկայացրեցին առանձնահատուկ հնչեղությամբ: Դավիթ Գրիգորյանը նախակրթարանի սաների համար բերել էր տարբեր խաղալիքներ, ինչը նրանց օրը կդարձնի ավելի ուրախ և զվարճալի: Էրեբունի վարչական միավորի ղեկավարի պաշտոնական այցի վերջին կանգառը դարձավ հյուրընկալությունը Գարի Դավթյան մշակույթի տուն: Տանտիրուհի Ժաննա Դավթյանի ջերմ հյուրընկալությունը վայելելուց և տիկնիկային թատրոնի հրաշալի խաղը հիացմունքով դիտելուց հետո, հյուրերը վառ տպավորություններով վերադարձան հայրենիք շրջանային միավորի և Վիրահայոց թեմի միջև համագործակցությունը առավել բեղմնավոր շարունակելու մտահղացումներով: |