Հայոց բանակի տոնը Վիրահայոց թեմի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանում |
Լուրեր |
2018 թվականի փետրվարի 3-ին Վիրահայոց թեմի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նախակրթարանի միջոցառումը՝ նվիրված Հայոց բանակի վերակազմավորման 26-րդ տարեդարձին: Դահլիճը զարդարված էր տոնական, միջոցառումը՝ կազմակերպված մտածված ու հետաքրքիր: Այն նվիրված էր բանակային կյանքին և զինվորի առօրյային, որ այնպես գեղեցիկ ներկայացրեցին նախակրթարանի սաները և նրանց ուսուցիչները: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Բաթումում ՀՀ հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը՝ տիկնոջ հետ: Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Երեխաների տոնահանդեսը դիտելու էին եկել համայնքային գործիչներ, կենտրոնի տարբեր խմբերի սովորողներ, ծնողներ, հյուրեր: Միջոցառումը բացեց և ներկաներին ողջունեց Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը: Նախակրթարանի սաները իրենց ուսուցիչների հետ միասին զուգված զինվորական համազգեստով և ներշնչված հայ զինվորի զգաստ վիճակով, ներկաներին հիրավի տեղափոխեցին Հայոց մարտական բանակ, ցուցադրելով զինվորի ծառայությունը: Այն յուրաքանչյուր հայորդու համար սկսվում է բանակին զինվորագրությամբ, հայրենիքին և ժողովրդին ծառայելու երդումով, ծնողների կարոտով, անվեհեր ծառայությամբ և առնական ու հպարտ վերադարձով հայրենի տուն: Միջոցառումը դարձավ Հայոց բանակի տոնին նվիրված իսկական շքերթ, ներդաշնակված հայրենասիրական, մարտական, սիրո և կարոտի երգերով ու պարերով: Այդ շքերթի զինվորները նախակրթարանի 4-6 տարեկան սաներն էին, զինվորականները՝ նրանց ուսուցիչները: Զարմանալի էր այն ինքնավստահությունը, արտիստական ճիշտ խաղը, որ դրսևորվեց մասնակիցների կողմից՝ խոսքով, արտասանությամբ և կեցվածքով: Հավարտ միջոցառման Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը անդրադարձ կատարեց Հայոց բանակի վերակազմավորման պատմությանը, գոհունակություն հայտնեց նախակրթարանի ուսուցիչներին՝ թոթովախոս այս մանուկների բերանով Հայոց բանակում ծառայության պատրաստակամությունը և հպարտությունը ցույց տալու համար: Պարոն հյուպատոսը ներկաներին շնորհավորեց բանակի տոնի առիթով: Ներկաներին իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը և բարեմաղթանքը կենտրոնի սաներին և աշխատակազմին: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց կենտրոնի ղեկավար Սոնա Հովհաննիսյանի և նախակրթարանի ուսուցիչների աշխատանքը, ընդգծեց, որ կենտրոնն իրավամբ ծառայում է իր առաքելությանը: Վիրահայոց թեմի առաջնորդը միջոցառման մասնակից երեխաներին հյուրասիրեց քաղցրավենիքով: Վիրահայոց թեմի առաջնորդին Աջարիա կատարած հովվական այցելության ժամանակ ուղեկցում էին Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը և առաջնորդի օգնական Գևորգ սարկավագ Անտոնյանը: Նույն օրը Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնում կայացավ հանդիպում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, պատվիրակության անդամների և Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նախակրթարանի,Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի և կենտրոնի ստեղծագործական խմբերի ուսուցիչների հետ: Կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը ներկայացրեց կենտրոնի ուսուցիչների աշխատանքը, մանրամասնեց նախակրթարանի և կիրակնօրյա դպրոցի գործունեությունը, որն ընթանում է թեմական ծրագրին համահունչ, իսկ միջոցառումները բխում են տեղի հետաքրքրություններից, պահանջներից և արժեքներից: Կենտրոնի աշխատանքին իր գնահատականը տվեց Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Վերջինս կարևորեց հոգևոր այն դաստիարակությունը, որ այստեղ ստանում են կենտրոնի սաները՝ որպես իրենց հայեցի դաստիարակության անբաժանելի մաս: Ելույթ ունեցան կենտրոնի ուսուցիչները և Թեմի կրթության բաժնի տնօրենը:Կայացավ հետաքրքիր զրույց ապագա ծրագրերի մշակման, նորույթների արմատավորման, կենտրոնի գործունեության առաջընթացի մասին: Հադիպումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Վազգեն Սրբազանն իր գոհունակությունը հայտնեց ուսուցիչներին, ովքեր սիրով և նվիրվածությամբ իրենց արմատներից հեռացած բաթումահայերին վերադարձնում են ազգայինին, տալիս համակողմանի դաստիարակություն,: Սրբազան Հայրն ընդգծեց, որ Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնում գործող նախակրթարանը, կիրակնօրյա դպրոցը և ստեղծագործական խմբերը հստակ ծառայում են իրենց նպատակին՝բաթումահայությանը դաստիարակում հայի ինքնությունը պահպանելու ոգով: Թեմակալ առաջնորդի գլխավորած պատվիրակության և Ալ.Մանթաշյանց կենտրոնի ուսուցիչների հետ հանդիպմանը քննարկվեցին գործունեության նորանոր ուղենիշներ: |