Մտորումներ ժողովրդական թատրոնի ավանդույթների մասին |
Լուրեր |
2017 թվականի դեկտեմբերի 2-ին Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում կայացավ հանդիպում թատերական արվեստի գնահատողների և երկրպագուների հետ: Հանդիպումը նվիրված էր թատերական սիրողական խմբերի թեմային: Հանդիպմանը ներկա էին տարբեր ազգի արվեստագետներ, դերասանական խաղը գնահատողներ, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից Թբիլիսիի տարբեր բուհերում սովորող ուսանողներ: Հանդիպմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Երեկոն ողջույնի խոսքով բացեց կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանը և այն վարելու հրավիրեց գրականագետ և երաժիշտ Արտեմ Գրիգորենցին: Վերջինս այս անգամ ներկայացավ որպես սիրողական թատերական ստուդիայի ղեկավար և ռեժիսոր: Ստուդիան կոչվում է Շրջանցիկ նրբանցք համապատասխան պատմական Թիֆլիսի Հավլաբար թաղամասում նրա ձևավորմանը, որտեղ ապրել և ստեղծագործել է հայ նովելիստ Նար-Դոսը: Այս ստուդիայում էլ ընթանում են սիրողական թատրոնի փորձերը: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մոռացված սիրողական թատրոնի ավանդույթների մասին, որը իր ժամանակին եղել է սկսնակ դերասանների վարպետության հիանալի դպրոց և նաև արհեստավարժ դերասանների ձևավորման դարբնոց: Այնուհետև ցուցադրվեցին տեսահոլովակներ սիրողական թատրոնի տարբեր բեմադրություններից, որտեղ դերակատարներ են տարբեր մասնագիտությունների մարդիկ: Դրանք են մանկավարժ Գարրի Ղալամքարովը, ինժեներ-մեխանիկ Իրինա Գրիգորյանը, ովքեր զբաղված են Արտեմ Գրիգորենցի «Հուսով լինենք» պիեսում: Նշենք, որ այդ պիեսի Գիսանե Հովսեփյանի կողմից հայերեն թարգմանությունը հրապարակվել է երևանյան «Դրամատուրգիա» ամսագրում: Ամսագրի խմբագիրն է ծնունդով ջավախեթցի Կարինե Խոդիկյանը: Սիրողական թատրոնի մասին իրենց նկատառումներով հանդես եկան բանաստեղծ Վլադիմիր Սարիշվիլին, կինոռեժիսոր Թենգիզ Մալանիան, կոմպոզիտոր Իրակլի Ցինցաձեն, գիտաշխատող Սամվել Մկրտչյանը: Հանդիպումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդն արտահայտեց իր գոհունակությունը, բարձր գնահատեց սիրողական դերասանների ոգեշունչ խաղը և Արտեմ Գրիգորենցի պատկառելի առաքելությունը: Սրբազան հայրը նշեց, որ նման գործունեությունը պահանջում է ամեն տեսակ աջակցություն: Հանդիպումը ոգեշնչեց շարունակել առաքելությունը սիրողական խմբի խանդավառությունը վառ պահելու համար: |