«Արևիկ» մանկական հիմնադրամի 15-ամյակը «Հայարտուն» կենտրոնում |
Լուրեր |
2017 թվականի դեկտեմբերի 2-ին, հիրավի մանկական շունչ էր ստացել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը: Գեղեցիկ ժապավեններով և գույնզգույն փուչիկներով զարդարված Գալուստ Գյուլբենկյան սրահը պատրաստվել էր Վրաստանի «Արևիկ» մանկական հիմնադրամի 15-ամյակի տոնակատարությանը: Դահլիճի առաջին շարքում տեղեր էին զբաղեցրել թբիլիսահայ համայնքի պատվավոր անձինք, ներկա էին հոգևոր դասը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Թեմակալ առաջնորդի օրհնությամբ: Այնուհետև հնչեց հիմնադրամի օրհներգը մայրաքաղաքի թիվ 104 դպրոցի «Արևիկ» երգչախմբի կատարմամբ, խմբավար Մարինե Արշակյանի գլխավորությամբ: Հիմնադրամի նախագահ Էմմա Ախտյանը անդրադարձ կատարեց հիմնադրամի պատմությանը,նրա ստեղծման մտահղացմանը, ներկայացրեց 15-ամյա գործունեության ուղենիշները,երախտագիտության խոսքեր ուղղեց ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարություններին, Վիրահայոց թեմի առաջնորդին, տարբեր երկրների անհատ բարերարներին, որոնց աջակցությամբ գործում է հիմնադրամը: Կարևորեց «Արևիկ» հիմնադրամի գործունեության, մանկական նկարի և բանաստեղծական խոսքի արտացոլումը «Արևիկ» թերթի էջերին, որը թեև մանկական է, բայց նաև մեծահասակների սիրելի թերթն է: Այն իրականացնում է դպրոցականների կյանքին արձագանքելու, հասակակիցներին միմյանց հետ ծանոթացնելու, մերձեցնելու գործառույթ: Հիմնադրամի փոխնախագահներ Ինգա Աղեկյանը և Աիդա Բարսեղյանը ներկաներին հիշեցրին այն ցուցահանդեսները, տոնական միջոցառումները, մրցույթներն ու նվիրատվությունները, որոնք իր գործունեության տարիներին իրականացրել է հիմնադրամը, գործելով Վրաստանի տարածքում, իր շուրջը համախմբելով հայաբնական գյուղերի ու քաղաքների երեխաներին: Տոնահանդեսը գեղեցիկ խոսքով վարում էր Աննա Միքայելյանը: Միջոցառումը համեմված էր «Արևիկ» հիմնադրամի գործունեության մասին պատմող տեսանյութով, տարբեր երկրներից ստացված հեռահար շնորհավորանքներով:Իրենց երգով, պարով, ասմունքով հիմնադրամի հոբելյանը շնորհավորեցին «Հայարտուն» կենտրոնի մենակատարներ Անի Հովհաննիսյանը, Աիդա Բազոյանը,Հենրիխ Պետրոսյանը, Էդուարդ Քոչարյանը, Աննա Անանովան, Լիանա Մակարյանը, դուդուկի և դհոլի խմբակների անդամները: Տարեդարձի առիթով «Արևիկ» հիմնադրամին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք ասացին բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը, Վրաստանի հայ գործարարների միության նախագահ Սամվել Աղեկյանը, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասան Ռոմեո Մաթիաշվիլին: Ներկաներին ուղղված օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց «Արևիկ» մանկական հիմնադրամի արգասաբեր գործունեությունը, արժևորեց տոնահանդեսի գեղարվեստական ելույթները, որոնք սկսվել են փոքրիկներից, այնուհետև հասակ առել, կազմավորվել ու զարգացել այս կենտրոնում, ամենուրեք հպարտությամբ ներկայացնելով հայ արվեստն ու մշակույթը: Սրբազան հայրը առաջընթաց, հաջողություններ մաղթեց մանուկների բազմակողմանի, ի մասնավորի հայեցի դաստիարակությանը միտված գործունեությանը: Միջոցառումը գեղեցկացրել էին Ռոբերտ Ներսեսովի նկարչական խմբի սաներ Գարի Արուշանյանի և Յուրի Արուտյունովի աշխատանքները: |