1

fb you od

Մանկական Եվրատեսիլի ՀՀ պատվիրակը հյուրընկալվեց «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1-12017 թվականի նոյեմբերի 22-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում հյուրընկալվեց «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Միշան (Միքայել Գրիգորյան) իր պրոդյուսերների, ուղեկցող խմբի և ծնողների հետ:

Լեփ-լեցուն էր դահլիճը: Թբիլիսահայերը՝ մեծից-փոքր եկել էին լսելու հրաշամանուկի կենդանի կատարումը, շփվելու նրա հետ և հաղթանակ մաղթելու մեր հայրենիքը ներկայացնող շնորհաշատ, ընդամենը 9-ամյա երեխային:

Դահլիճում տեղեր էին զբաղեցրել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, հոգևոր դասը:

Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը ներկայացրեց Միշայի կենսագրությունը, ընդգծելով, որ նա երգեցողությամբ սկսել է զբաղվել 4 տարեկանից և կրթվում է պրոդյուսեր Լիրա Քոչարյանի մոտ,ով «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է և գեղարվեստական ղեկավարը:1

Միշան Հայաստանն արդեն փայլուն ներկայացրել է վերջին մանկական «Նոր ալիքին»՝ գրավելով մրցույթի երկրորդ հորիզոնականը: Նա երգել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի տեսահոլովակում, հանդես եկել այս տարվա «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ:

Միշան լինելու է Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած ամենափոքր մասնակիցը: Սակայն տաղանդավոր փոքրիկի թե՛ վոկալային, թե՛ արտիստիկ կարողությունը մեզ հույս է ներշնչում, որ նա Հայաստանին կբերի հաղթանակ - իր խոսքում կարևորեց Հայաստանի Հանրային հեռարձակման երաժշտական հաղորդումների պրոդյուսեր Արթուր Ասատրյանը:

2Լիրա Քոչարյանը հույս հայտնեց, որ Հայաստանն այս տարի հաղթանակով կվերադառնա մրցույթից, քանզի նա վստահ է, որ շնորհաշատ երեխան իսկական արտիստ է, մեծ աշխատասեր և կատարողական բնատուր տաղանդով օժտված: Միշան մրցույթին կկատարի «Բումերանգ» երգը, որի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակները՝ Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյան և Արթուր Աղեկյանը:

«Մրցույթին շատ լավ եմ տրամադրված: Այնտեղ փորձելու եմ բարություն տարածել, որպեսզի այն բումերանգի պես վերադառնա մեզ-ասաց 9-ամյա երգիչը:

Հայաստանի պատվիրակին ուղեկցող Անուշ Տեր-Ղուկասյանը ներկաներին բացատրեց այս տարի մրցույթի քվեարկության մեջ կատարված փոփոխությունների մասին: Հեռուստադիտողը կարող է միանալ քվեարկությանը` սկսած նոյեմբերի 24-ից: Այն կմեկնարկի «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքում, և որ ամենակարեւորն է` Հայաստանից ևս հնարավոր է քվեարկել Միշայի օգտին: Ձայները կբաշխվեն3 50/50. հանդիսատեսի քվեարկությանը կգումարվեն ժյուրիի գնահատականները:

Այնուհետև Միշան կատարեց իր երգացանկից մի քանի երգ, ընդորում նաև մրցույթին ներկայացվող երգը: Միքայել Գրիգորյանը «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախմբի հետ կատարեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, որից հետո համատեղ հնչեց «Հայոց բանակ» երգը՝ ծածանելով եռագույնը:

Հաղթանակի մաղթանքով և ներկաներին ուղղված՝ Միշային SMS-ներով և հեռախոսազանգերով աջակցելու հորդորով ելույթ ունեցան Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:

4Միշան իր հասակակիցներին բաժանեց նվերներ սեփական մակագրությամբ:

Հանդիպման ավարտից հետո հայաստանցի հյուրերը տեղափոխվեցին Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ Տեր Վիրապ քահանան Պահպանիչ աղոթքով օրհնեց փոքրիկ հրաշամանուկին՝ մանկական Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Միքայել Գրիգորյանին:

«Մանկական Եվրատեսիլ 2017»-ը կանցկացվի նոյեմբերի 26-ին Shine Bright («Շողա պայծառ») նշանաբանի ներքո՝ մրցույթը հյուրընկալող երկրում՝Վրաստանում, Թբիլիսիի Սպորտի Պալատում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)